Մեկ զբոսաշրջիկը Հայաստանում միջինը 1200 դոլար է ծախսում. Քերոբյան

Երևանի վերնիսաժը. Արխիվային լուսանկար
2023թ-ի առաջին 4 ամիսների ընթացքում Հայաստան է այցելել 630 000 զբոսաշրջիկ, ինչը բավական բարձր ցուցանիշ է ՀՀ–ի համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի – Sputnik. Յուրաքանչյուր զբոսաշրջիկ Հայաստանում ծախսում է միջինը 1200 դոլար։ Այսօր ԱԺ-ում 2022թ-ի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ հայտնեց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը` ներկայացնելով այս տարվա առաջին եռամսյակում կառավարության իրականացրած ուսումնասիրության նախնական տվյալները։
«Վերջին նման ուսումնասիրությունը 10 տարի առաջ է կատարվել, և 10 տարի առաջ մեկ զբոսաշրջիկը Հայաստանում ծախսում էր մոտ 800 դոլար։ Հիմա այդ թիվը 1200 է»,– ասաց Քերոբյանը` հավելելով, որ հարկ է հաշվի առնել, որ 10 տարվա ընթացքում փոխվել են նաև մարդկանց սովորույթները։ Շատ զբոսաշրջիկներ գերադասում են հյուրանոցում հանգրվանելու փոխարեն տուն վարձել, և խնայված գումարն այլ տեղ ծախսել։
Էկոնոմիկայի նախարարը հայտնեց նաև, որ 2023թ-ի առաջին 4 ամիսների ընթացքում Հայաստան է այցելել 630 000 զբոսաշրջիկ, ինչը բավական բարձր ցուցանիշ է ՀՀ-ի համար։