Մասնագետները պարզել են 2000 տարվա հին հռոմեական օծանելիքի բաղադրությունը

Օծանելիք
Պինդ քսուք– օծանելիքով սրվակը կնքված էր դոլոմիտով, որը խցանի դեր էր կատարում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի – Sputnik. Կորդովայի համալսարանի մասնագետները կարողացել են պարզել 2000 տարեկան հռոմեական օծանելիքի բաղադրությունը։ Աշխատանքի արդյունքները հրապարակվել են Heritage ամսագրում։
Բաղադրությունը հնարավոր է եղել պարզել 2019 թվականին դամբարանում հայտնաբերված քվարցե անոթի պարունակությունը հետազոտելուց հետո։ Նախկինում օծանելիքի սրվակները պատրաստում էին փչովի ապակուց, իսկ ահա այս հանքանյութի նմուշները հազվագյուտ երևույթ էին։ Տարան դրված էր կտորե պայուսակի մեջ (որում նաև սաթե ուլունքներ էին պահվում), 30-40 տարեկան կնոջ դիակիզված աճյունի վրա։ Նրանից բացի, դամբարանում ևս երկու կնոջ և երեք տղամարդու սափորներ են եղել։
Պինդ քսուք–օծանելիքով սրվակը կնքված էր դոլոմիտով, որը խցանի դեր էր կատարում, ինչպես նաև բիտումով, որը հերմետիկ պահպանում էր պարունակությունը` հասցնելով այնմինչև մեր օրերը։ Դա պարզելու համար հեղինակները կիրառել են ռենտգենային դեֆրակցիայի, գազային քրոմատագրություն և զանգվածային սպեկտրոմետրիայի մեթոդը։ Բուն օծանելիքը բաղկացած էր երկու բաղադրիչներից. հիմնականը` բուսայուղ, ամենայն հավանականությամբ` ձիթապտղի և բուրավետ էսենցիայից, որը ստացվել էր պաչուլիի եթերայուղից։