ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի – Sputnik. Հեղեղումների պատճառով Վերին Լարսի անցակետի շրջանում բավական լարված իրավիճակ է։ Այս մասին Telegram–ում գրել է Հյուսիսային Օսեթիայի ղեկավար Սերգեյ Մենյայլոն։
«Մասնագետներն այս պահին փորձում են խուսափել մայրուղու հեղեղումից։ Ձեռնարկվում են կանխարգելիչ միջոցառումներ` ափի երկայնքով պատնեշներ ենք շարում, հեռացնում ենք ջուրը»,– նշել է Մենյայլոն։
Նրա խոսքով՝ տեղում աշխատում են վթարային ծառայությունները։ Ըստ մասնագետների` մոտակայքում գտնվող բնակավայրերի համար վտանգ չկա։
Հյուսիսային Օսեթիայի ղեկավարը նշել է, որ նման իրավիճակ առաջին անգամ չէ այս տարածքում, պատճառը ձնհալքն է ու առատ տեղումները։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ մայիսի 29-ին Հյուսիսային Օսեթիայի Նոգիր և Միխայլովսկոյե գյուղերի արանքում հեղեղվել է Թերեք գետի վրայի կամրջի միջնամասը, ինչի հետևանքով փլուզվել է երկու կամրջամաս: Տուժածներ չկան։ Տեղի իշխանությունները որոշել են ապամոնտաժել կամուրջը ու դրա փոխարեն նորը կառուցել։