ՀՀ-ն նախատեսում է առևտրային կցորդներ ունենալ Չինաստանում, Գերմանիայում, ԱՄՆ–ում

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը. Արխիվային լուսանկար
Հայաստանը երկու առևտրային ներկայացուցիչներ ունի ԱՀԿ-ում և Իրանում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի – Sputnik. Հայաստանը նախատեսում է առևտրային կցորդներ ունենալ Չինաստանում, Գերմանիայում, ԱՄՆ-ում և մի շարք այլ երկրներում։ Այսօր ԱԺ–ում 2022թ-ի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ հայտնեց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
«Թափուր հաստիքներ ունենք Չինաստանում, Գերմանիայում և մի շարք այլ երկրներում, հիմա զգուշությամբ լրացնում ենք. կարևոր է, որպեսզի նշանակվող մարդիկ լինեն արդյունքներին միտված։ Իրանի հետ հարաբերությունները բավական լավ են զարգանում, առևտրային կցորդ նշանակելուց հետո երկու տարվա ընթացքում մեր շրջանառությունը համարյա կրկնապատկվել է», - ասաց Քերոբյանը։
Էկոնոմիկայի նախարարը հիշեցրեց, որ Հայաստանն այս պահին ունի գործող երկու առևտրային ներկայացուցիչներ․ մեկը Առևտրի համաշխարհային կազմակերպությունում, մյուսը Իրանում։