Կարո՞ղ է արդյոք Բաթում-Նովոռոսիյսկ ծովային ճյուղի միացմամբ երթուղին արժանի այլընտրանք դառնալ Վերին Լարսին, ի՞նչ օգուտներ կստանա Հայաստանը տրանսպորտային զարկերակի գործարկումից: Sputnik Արմենիայի հետ զրույցում այս և այլ հարցերի է պատասխանել C&M International տրանսպորտային ընկերության տնօրեն Դավիթ Իլոյանը։ Զրուցել է Լաուրա Սարգսյանը:
Նախաձեռնությունը նոր է, հայտերը` շատ
- Ձեր ընկերությունը ապրիլին հաջողությամբ փորձնական բեռնափոխադրումներ է իրականացրել Նովոռոսիյսկ նավահանգստից դեպի Բաթում և հակառակ ուղղությամբ: Կարելի՞ է ասել, որ ծովային ուղիներով զարկերակը գործարկվում է, և ե՞րբ կարելի է կանոնավոր հաղորդակցության սպասել:
- Հուսով եմ` կանոնավոր երթերի մեկնարկի մասին հնարավոր կլինի խոսել առաջիկա մեկ-երկու շաբաթվա ընթացքում: Այս փուլում նախատեսում ենք շաբաթական կայուն ուղերթ իրականացնել։ Կախված անհրաժեշտությունից և ծանրաբեռնվածությունից՝ կավելացնենք կա՛մ նավատորմը, կա՛մ ուղերթերի հաճախականությունը։
Մեր դեպքում ավելի լավ է ավելացնել փոխադրումների հաճախականությունը` դրանք շաբաթական երկու-երեքի հասցնելով: Սա թույլ կտա բեռնափոխադրողներին ավելի արագ առաքում ապահովել, ոչ թե սպասել մեկ շաբաթ, երբ նավը կգնա: Քանի որ բեռնափոխադրումների հոսքը մեծանում է, մենք կարող ենք նաև մեկ այլ նավ ավելացնել կամ ավելի ծավալուն նավ օգտագործել: Այս մասին կարելի է խոսել կոնտեյներային նավի աշխատանքը կարգավորելուց հետո, երբ մենք ստիպված չենք լինի սպասել, թե երբ բեռնափոխադրումների հոսք կհավաքվի։
- Ընկերություններից քանի՞ հայտ եք արդեն ստացել:
- Ներկայում ավելի քան հարյուր հարցում ենք ստացել և մի քանի տասնյակ հայտ փոխադրումների իրականացման համար: Շատերը վերջերս են իմացել երթուղու մեկնարկի մասին: Բանն այն է, որ մենք երկու ուղերթ ենք իրականացրել՝ առանց որևէ մեկին տեղեկացնելու։ Տեղեկություն տարածեցինք փորձարկելուց, խնդրահարույց ասպեկտները բացահայտելուց հետո։
Աշխատանքը կարգավորելու համար ժամանակ է պետք։ Նշեմ, որ բեռները վերաուղղորդելն այնքան էլ հեշտ չէ, քանի որ խոսքը պարտավորությունների, պայմանագրերի, բեռի պատրաստ լինելու, փաստաթղթերի մասին է։ Բացի այդ, շատ առաքիչներ վախենում են վերահասցեավորել ամբողջ բեռը, նրանք մեկ կամ երկու կոնտեյներ են փորձում: Այս ամենը որոշակի ժամանակ է պահանջում։
Նոր ճանապարհ ենք կառուցում
- Կարո՞ղ է արդյոք մուլտիմոդալ երթուղին «Վերին Լարս» անցակետին այլընտրանք դառնալ։
- Սա արժանի այլընտրանք է Վերին Լարսին։ Կոնտեյներային փոխադրումները համարվում են ամենահարմար, ժամանակակից, անվտանգ մեթոդը, դրանց բաժին է ընկնում ծովային բեռնափոխադրումների համաշխարհային շուկայի 80%-ը: Շատ երկրներում բեռների կոնտեյներիզացիայի միտում է նկատվում, նույնիսկ եթե դա ավելի թանկ է: Ավելի բարձր գները փոխհատուցվում են կայունությամբ, անվտանգությամբ և կանխատեսելիությամբ:
Այս երթուղով ապրանքները կարող են մեկ-երկու օր ավելի երկար գնալ, բայց, ի տարբերություն Վերին Լարսի` առանց լուրջ ուշացումների։ Փոխադրումների պլանավորումը կախված չի լինի Լարսով անցնող ճանապարհից, որը հաճախ փակվում է վատ եղանակի պատճառով։ Բացի այդ, գնագոյացումը, ի տարբերություն Լարսի, տարեկան կտրվածքով ավելի կանխատեսելի է։
Ընկերությունները, որոնք ունեն երկարաժամկետ պայմանագիր, որոնց համար շատ կարևոր է կայունությունը, կանխատեսելիությունը, բնականաբար կնախընտրեն այս երթուղին։ Սա համաշխարհային պրակտիկա է, ու ես հույս ունեմ, որ Հայաստանն էլ այս մակարդակի կհասնի, ավելի քաղաքակիրթ և ժամանակակից հաղորդակցման մեթոդների կանցնի։ Կարելի է ասել` մենք նոր ճանապարհ ենք կառուցում. փոխադրողներն իրենք են ընտրելու՝ բեռներ ուղարկել Լարսով, թե նախապատվությունը տալ մեր ուղղությանը։
- Նկարագրեք ապրանքների մատակարարման լոգիստիկ շղթան, ի՞նչ առավելություններ կան Հայաստանի համար:
- Դա թույլ կտա զարգացնել երկաթուղային հաղորդակցությունը, բեռնաթափել ճանապարհները (դրանով իսկ երկարացնելով դրանց շահագործման ժամկետը), ինչպես նաև մաքսակետերը, կրճատել ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը մայրուղիներում: Բացի այդ, եթե մենք Հայաստանից ՌԴ գնացող բեռնափոխադրման 20-30%-ը տեղափոխենք ծով, ապա դա նաև կբեռնաթափի վրաց-ռուսական սահմանը։
Տրանսպորտային միջոցների սեփականատերերը կարող են հարցնել՝ իսկ ի՞նչ անել բեռնատարների հետ, որոնք արդեն գնել են: Նրանք կարող են փոխարինել դրանք կոնտեյներային նավերով՝ Բաթում և հակառակ ուղղությամբ փոխադրումների համար։
Մի մոռացեք շահութաբերության մասին: Այն ժամանակը, որը բեռնատարը ծախսում է Երևան-Մոսկվա և հակառակ ուղղությամբ գնալու վրա, կարելի է մի քանի անգամ Երևանից Բաթում հասնել: Կարծում եմ` մենք տրանսպորտային ընկերություններին չենք զրկում աշխատանքից, ընդհակառակը, օգնում ենք նրանց ավելի շատ գումար վաստակել, իսկ բեռնափոխադրողների համար դա ծավալները մեծացնելու լրացուցիչ հնարավորություն է։
- Որքա՞ն ժամանակ կպահանջի մուլտիմոդալ երթուղով ապրանքների տեղափոխումը Երևանից Նովոռոսիյսկ նավահանգիստ:
- Երկաթուղային հաղորդակցությունը կարգավորված է, կան արագացված կոնտեյներային գնացքներ, որոնք երթևեկում են Երևանից Բաթում և Փոթի: Կոնտեյներային գնացքը Երևանից Բաթում հասնում է մոտ 40 ժամում, նավի բեռնումը/բեռնաթափումը նավահանգստում տևում է մոտ 8-14 ժամ (կախված ծանրաբեռնվածությունից): Բաթում-Նովոռոսիյսկ անցումը տևում է մոտավորապես 18-ից 22 ժամ: Անհրաժեշտության դեպքում նավը կարող է ավելի արագ գնալ (առանց վառելիք խնայելու) կամ ավելի դանդաղ, տարբերությունը 2-ից 3 ժամ կլինի: Նովոռոսիյսկում բեռնաթափումը նույնպես 8-ից 12 ժամ է: Համակարգված աշխատանքի դեպքում այդ երթուղով Երևանից Մոսկվա բեռների մատակարարումները կարող են 5-7 օր տևել։
Չորաբեռնատարը նույնպես հարմար է
- Ո՞րն է լաստանավի և կոնտեյներատարի տարբերությունը:
- Լաստանավի վրա կարող է ավտոմեքենա կամ երկաթուղային վագոն դրվել և այն «Ա» նավահանգստից «Բ» նավահանգիստ տեղափոխվել: Մեր դեպքում խոսում ենք կոնտեյներակիր նավերի մասին, որոնց վրա կոնտեյներները բեռնվում կամ բեռնաթափվում են ամբարձիչներով:
Ի սկզբանե Հայաստանի իշխանությունը դիտարկել է լաստանավային փոխադրումները, սակայն մի շարք պատճառներով դրան չեն անցել։ Եթե ամեն ինչ ըստ ծրագրածի գնա, ապա Հայաստանի իշխանությունը կսուբսիդավորի ծովային բաղադրիչը հայ բեռնափոխադրողների և առաքողների համար։ Այսինքն՝ հայկական ընկերությունները վճարելու են Երևանից Բաթում և Նովոռոսիյսկից Ռուսաստանի քաղաք և հակառակ ուղղությամբ բեռների առաքման համար։
- Ո՞ր բեռի համար է օպտիմալ մուլտիմոդալ փոխադրումը:
- Կոնտեյներակիր նավը ամենաբազմակողմանի տրանսպորտն է, այն կարող է տեղափոխել ցանկացած բան, տարբեր տեսակի բեռներ: Օրինակ, եթե Ռուսաստանից ցորեն ենք բերում, ապա Հայաստանից ցանկացած չոր բեռ կարող ենք հետ ուղարկել։
Մեր երթուղին նպատակ ունի առաջին հերթին օգնել հայ բեռնափոխադրողներին, որ նրանց համար որոշակի կայունություն լինի։