Բանակցային գործընթացը վիժեցնելու փորձերն անթույլատրելի են. Փաշինյան–Անդրադա հանդիպումը

Արգենտինայի խորհրդարանական պատվիրակության անդամները երկու երկրների համագործակցության առավել սերտացման գործում ընդգծել են հայ համայնքի դերը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Արգենտինայի Սենատի և Պատգամավորների պալատի անդամներն այսօր քննարկել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամն ու ԼՂ բնակչությանն էթնիկ զտման ենթարկելու Ադրբեջանի քաղաքականությունը։ Այս մասին հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությանը։
Նշվում է, որ զրուցակիցներն անթույլատրելի են համարել Ադրբեջանի իշխանությունների ագրեսիվ հռետորաբանությունն ու բանակցային գործընթացը վիժեցնելու փորձերը:
Կարևորվել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների ու անվտանգության հարցերի հասցեագրումը:
Խաղաղության հասնելու համար Ադրբեջանը պետք է կատարի իր պարտավորությունները. Միրզոյան
Վարչապետը ողջունել է պատվիրակության այցը Հայաստան և կարևորել հայ-արգենտինական հարաբերությունների շարունակական զարգացումը: Նիկոլ Փաշինյանը գոհունակությամբ է նշել Արգենտինայի Սենատում Հայաստանի համար զգայուն հարցերի վերաբերյալ սկզբունքային դիրքորոշումների արտահայտումը, ինչը տեղի է ունենում նաև բարեկամական խմբի անդամների ակտիվ գործունեության արդյունքում:
«Հույս ունեմ, որ ձեր այցի արդյունքներով երկկողմ քաղաքական, տնտեսական և մշակութային երկխոսությունը կշարունակի զարգանալ ու ամրապնդվել»,- ասել է վարչապետը:
Արգենտինայի խորհրդարանական պատվիրակության անդամները երկու երկրների համագործակցության առավել սերտացման գործում ընդգծել են այդ երկրի հայ համայնքի դերը:
Պատվիրակության ղեկավար Գիժերմո Անդրադան հավելել է, որ շարունակելու են ակտիվորեն նպաստել տարբեր ոլորտներում փոխգործակցության ընդլայնմանն ու խորացմանը:
Հիշեցնենք, որ երեկ Արգենտինայի Սենատի և Պատգամավորների պալատի անդամներից բաղկացած խորհրդարանական պատվիրակության հետ հանդիպել էր ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ Քննարկվել են տարածաշրջանային կայունության և անվտանգության հարցեր։