Ավտոմեքենաների ներմուծման ու վաճառքի կեղծ գործարքների շարան ունենք. ՊԵԿ նախագահ

Ռուստամ Բադասյան
Կառավարությունում մտածում են օրենսդրական նոր կարգավորումների մասին, որոնց միջոցով ֆիզիկական անձանց կխրախուսեն, որ ավտոմեքենաները հենց իրենց անունով ներմուծեն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի – Sputnik. Հայաստանում ավտոմեքենաների ներմուծման ու վաճառքի կամ արտահանման կեղծ գործարքների շարան է բացահայտվել։ Այսօր ԱԺ–ում 2022թ–ի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը` խոսելով ամիսներ առաջ ՊԵԿ–ի բացահայտումներով հարուցված քրեական գործի մասին։
«Իրավաբանական անձանց միջոցով ֆիզիկական անձն աճուրդով գնում է մեքենա, բայց իրավաբանական անձը, իրականում հանդես գալով որպես միջնորդ, ձևակերպում է այդ մեքենան որպես սեփական ներմուծում, և վճարված ԱԱՀ–ն բնականաբար ընկնում է արդեն ընդհանուր կարգավորումների դաշտ, ըստ որի` ինքը վերադարձի իրավունք ունի։ Բայց իրականում մեքենայի համար վճարել է ֆիզիկական անձը, ինքը ի սկզբանե գինը պայմանավորվել է, և կարելի է ասել` կեղծ գործարքների շարան ունենք` ներմուծման, այնուհետև վաճառքի ձևակերպման կամ արտահանման»,– ասաց Բադասյանը։
Նման կեղծ գործարքներից խուսափելու համար, ՊԵԿ նախագահի խոսքով, կառավարությունում մտածում են օրենսդրական նոր կարգավորումների մասին, որոնց միջոցով ֆիզիկական անձին կխրախուսեն (չնայած մաքսատուրքի մեծ չափին), որ ավտոմեքենան հենց իր անունով ներմուծի` չօգտվելով կասկածելի միջնորդների ծառայություններից։
Կանխվել է աննախադեպ քանակի ֆենտանիլ տեսակի թմրամիջոցի մաքսանենգության դեպք. ՊԵԿ նախագահ
Հիշեցնենք` մարտի 11-ին ՀՀ քննչական կոմիտեն հայտնեց, որ կալանավորվել է թեթև մարդատար ավտոմեքենաների մանրածախ վաճառքով զբաղվող «Ավտոներկրողներ» և «Ավտոներկրողների միություն» ՍՊԸ-ների փաստացի սեփականատեր Տիգրան Հովհաննիսյանը, որը, ըստ քրեական գործի նյութերի, հատուկ հանցավոր սխեմայով պետությունից հափշտակել է ավելի քան 406 մլն դրամ։
Հանցավոր սխեմայի համաձայն` ֆիզիկական անձանց հնարավորություն է ընձեռվել իրենց ֆինանսական միջոցներով արտերկրից տրանսպորտային միջոցների ձեռքբերումն իրականացնել հիշյալ ընկերությունների անվամբ, որի արդյունքում շահեկան վիճակ է ստեղծվել թե՛ ֆիզիկական անձանց, թե՛ ընկերության համար. ֆիզիկական անձը տրանսպորտային միջոցի մաքսազերծման համար անհամեմատ քիչ հարկեր է վճարել պետությանը, իսկ ընկերությունը փաստացի կարողացել է հետ ստանալ տրանսպորտային միջոցի մաքսազերծման համար ֆիզիկական անձանց վճարած ԱԱՀ-ի դեբետագրված գումարները (որոնք ֆիզիկական անձանց կողմից կատարված լինելու պայմաններում վերադարձման ենթակա չեն):
Այս համաձայնության շրջանակում ֆիզիկական անձանց կողմից տարբեր երկրներից հիշյալ ընկերությունների անվամբ ներկրվել են ընդհանուր շուրջ 7452 տրանսպորտային միջոց։ «Ավտոներկրողներ» և «Ավտոներկրողների միություն» ՍՊԸ–ների անվամբ ներկրած և փաստացի ֆիզիկական անձանց պատկանող 3433 տրանսպորտային միջոցներն արտահանվել են ԵԱՏՄ երկրներ: