ԱԱԾ–ն կոկաինի գործով հայտարարել է հետախուզում Միհրան Պողոսյանի նկատմամբ

Միհրան Պողոսյան
Գործով անցնող երեք անձի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի – Sputnik. ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, ԴԱՀԿ նախկին ղեկավար Միհրան Պողոսյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում` առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց իրացնելու և մաքսանենգություն կատարելու գործի շրջանակներում։ Այս մասին հայտնում է ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը։
«Ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա հսկող դատախազի կողմից որոշումներ են կայացվել նաև հանցավոր խմբի անդամներ, «Մրգենի» ՍՊ ընկերության տնօրեն Լ.Ա-ի և պահեստապետ Ս.Գ-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին»,– ասված է հաղորդագրությունում։
Երեք անձի նկատմամբ էլ , որպես խափանման միջոց, ընտրվել է կալանքը։
Քրեական վարույթով շարունակվում են ձեռնարկվել ծավալուն և տարաբնույթ գործողությունները` դեպքերի հետ առնչություն ունեցած այլ անձանց ինքնությունները պարզելու, նրանց նկատմամբ հանրային քրեական հետապնդումներ հարուցելու ուղղությամբ։
Հիշեցնենք` Իտալիայի մաքսային ոստիկանությունը երկրի հարավում գտնվող Ջոյա Տաուրո նավահանգստում 2 տոննա 734 կգ բարձր մաքրության կոկաին էր հայտնաբերել։ Թմրանյութը գտնվել է երկու կոնտեյներների մեջ, այն թաքցրել են 78 տոննա բանանի խմբաքանակում: Բեռը Էկվադորի Գուայակիլ նավահանգստից Հայաստան պետք է տեղափոխվեր վրացական Բաթումի նավահանգստով։ Դրանից հետո Հայաստանի ԱԱԾ–ն հայտնեց, որ Էկվադորից Հայաստան է ներմուծվել շուրջ մեկ տոննա կոկաին (մոտ 250 միլիոն եվրո արժողության):
Մայիսի 24-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ–ում հայտարարեց, թե Հայաստան ներմուծված 1 տոննա կոկաինի հասցեատերը բանանի ներկրմամբ զբաղվող հայտնի ընկերություն է, որի սեփականատերը ԱԺ նախկին պատգամավոր է և այժմ գտնվում է հետախուզման մեջ (նկատի ուներ ՀՀԿ–ական նախկին պատգամավոր, ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին,–խմբ.)։ Վերջինս իր հերթին հայտարարություն տարածեց՝ նշելով` ինքն է ԱԱԾ տնօրենին տեղեկացրել, որ կոնտեյների մեջ բանանի փոխարեն կոկաին է եղել։