Ո՞րն է ՀՀ–ի ամենածախսատար նախարարությունը. Հովհաննիսյանը թվեր ներկայացրեց

Վահե Հովհաննիսյան
Վահե Հովհաննիսյանը հայտնեց, որ բյուջեով նախատեսված եկամուտները 2022-ին գերակատարվել են, ծախսերը` թերակատարվել 2 տոկոսով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի – Sputnik. 2022թ–ի կապիտալ ծախսերի պակասուրդը պետական բյուջեով պլանավորված 3 տոկոսի փոխարեն փաստացի կազմել է 2.1 տոկոս։ Այս մասին այսօր ԱԺ-ում 2022թ–ի պետական բյուջեի կատարողականը ներկայացնելիս հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
«Տարվա ընթացքում պլանավորված 1 տրլն 947 մլրդ դրամի եկամուտները վերանայվել են, ավելացվել 110 մլն դրամով և դարձել 2 տրլն 58 մլրդ դրամ։ Ծախսերը 2 տրլն 184 մլրդ դրամից վերանայվել են 104 մլրդ դրամով և դարձել են 2 տրլն 288 մլրդ դրամ։ Եվ դեֆիցիտը համապատասխանաբար նվազել է` 236 մլրդ դրամից իջնելով 229 մլն դրամի»,– ասաց նախարարը։
Հովհաննիսյանը նշեց, որ բյուջեով նախատեսված եկամուտները գերակատարվել են, իսկ ծախսերը` թերակատարվել 2 տոկոսով (կատարվել են 98 տոկոսով)։
Ֆինանսների նախարարի խոսքով` եկամուտների աճը որոշակիորեն պայմանավորված է եղել մի շարք իրավախախտումների գծով հավաքագրումների աճով (պետտուրքի, բնապահպանական վճարի և շահութահարկի գծով):
Հարկային հավաքագրումներում ամենամեծ մասնաբաժինն ունի ԱԱՀ–ն` 35 տոկոս, եկամտահարկը` 24.7 տոկոս, շահութահարկը` 11.6 տոկոս։
2023-ի առաջին եռամսյակում խոշոր բիզնեսը կրկնակի ավելի շատ հարկ է վճարել, քան 5 տարի առաջ
Ինչ վերաբերում է ծախսերին, 2022–ին ավելացած 104 մլրդ դրամից 45.8-ը, նախարարի մեկնաբանմամբ, ուղղվել է ընթացիկ ծախսերի ֆինանսավորմանը, 58 միլիարդը` կապիտալ ծախսերի ֆինանսավորմանը։
«Ուրախ եմ արձանագրել, որ մենք 2022թ–ին կարողացել ենք կապիտալ ծախսերն իրականացնել գրեթե 95 տոկոսով։ Մենք 2019թ–ին ունեցել ենք 73 տոկոս կատարողական, 2018-ին` 74 տոկոս։ Սա առաջին հերթին խոսում է մեր` ծախսեր պլանավորելու կարողությունների մասին»,– ասաց նախարարը։
Հովհաննիսյանի դիտարկմամբ` ամենածախսատարը աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն է, որը ծախսում է բյուջեի 27.4 տոկոսը, ՏԿԵՆ–ը ծախսում է բյուջեի 10 տոկոսը, ԿԳՄՍՆ–ն` 9, ֆինանսների նախարարությունը` 9, իսկ պաշտպանության նախարարությունը` 21.4 տոկոսը։
Ապրիլ ամսվա ցուցանիշներով գնաճը կայունացել է. Փաշինյան