Վահագն Խաչատուրյանը հայտարարել է, որ լիովին աջակցում է Նիկոլ Փաշինյանին և կառավարությանը

ՀՀ վարչապետը կարևորել է ՀՀ նախագահի հետ պարբերական հանդիպումները ժողովրդի մոտ իշխանության հանդեպ վստահության ձևավորման տեսանկյունից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի – Sputnik. Այն, ինչին գնում է այսօր կառավարությունը, այսինքն` այն քայլերը, որոնք արվում են և՛ երկրի ներսում, և՛ արտաքին քաղաքականության ասպարեզում, միտված են խաղաղության հաստատմանը:Այս մասին այսօր ասել է ՀՀ Նախագահ Վահագն Խաչատուրյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ` շեշտելով, որ ինքն աջակցում է Փաշինյանին և կառավարությանը։ Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։
Վահագն Խաչատուրյան
Խաչատուրյանը շեշտել է, որ կարևորում է բրյուսելյան հանդիպման արդյունքները, մասնավորապես այն, որ Փաշինյանը հստակ արտահայտեց Հայաստանի Հանրապետության կառավարության, իշխանության տեսակետը, համաձայն որի՝ մենք ընդունում ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և նույնն ակնկալում Ադրբեջանից:

Մայիսի 14–ին Բրյուսելում կայացավՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հանդիպումը։

Եռակողմ հանդիպումից հետո Շառլ Միշելը հայտարարեց, որ հաջորդ քայլը լինելու է դելիմիտացիան Ալմա Աթայի հռչակագրով, որը ենթադրում է Հայաստանի տարածքային ամբողջականության ճանաչում 29,8 հազար քառ.կմ-ի սահմաններում և Ադրբեջանինը` 86,6 հազար քառ.կմ-ի սահմաններում։

«Սա, կարծում եմ, շատ կարևոր հայտարարություն էր և նաև ապացույց էր, որ մենք ոչ թե պարզապես խոսքեր ենք ասում խաղաղության մասին, այլ տրամադրված ենք տարածաշրջանում վերջնականապես խաղաղություն հաստատելուն: Կարծում եմ՝ մեր հարևանն էլ պետք է դա գիտակցի և գնահատի այն քայլերը, որոնք անում եք Դուք և կառավարությունը»,–ասել է Խաչատուրյանը։
Խաչատուրյանը նաև պատմել է Կատար կատարած իր այցի մասին, ուրախություն հայտնել, որ այնտեղ Հայաստանն ընդունում են որպես լիարժեք գործընկեր, որը կատարում է իր պայմանավորվածություններն ու պարտականությունները, որը վստահելի գործընկեր է՝ ֆինանսական կայունության և պարտականությունների կատարման առումով:
ՀՀ վարչապետն իր հերթին կարևորել է ՀՀ նախագահի հետ պարբերական հանդիպումները ժողովրդի մոտ իշխանության հանդեպ վստահության ձևավորման տեսանկյունից։
«Այս առումով, կարող եմ վկայել, որ իրապես նախագահ-խորհրդարան-կառավարություն եռյակի միջև շատ կոնստրուկտիվ համագործակցություն է հաստատված, ինչը շատ կարևոր է հատկապես այս շրջանում: Նաև կարևոր եմ համարում, որ կառավարության քաղաքականությունները որոշակիորեն քննարկված և խորհրդակցված են խորհրդարանի, Հանրապետության նախագահի հետ, բայց դա, իհարկե, ամենևին էլ պատասխանատվության մասին չէ. կառավարությունն այն լիարժեք ստանձնում է և պետք է ստանձնի, բայց իմանալ նաև պետության կարևորագույն ինստիտուտների կարծիքն այդ հարցերի վերաբերյալ՝ չափազանց էական է.,–շեշտել է Փաշինյանը:
Նա նշել է, սակայն, որ բրյուսելյան պայմանավորվածություններից հետո Ադրբեջանի կողմից հնչող հայտարարություններն առնվազն հարցեր են առաջացնում, և պետք է հստակ գտնել մի հարցի պատասխան` արդյոք այդ հայտարարությունները նշանակում են հրաժարում ձեռք բերված պայմանավորվածություններից:
Նիկոլ Փաշինյան
Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մայիսի 28–ին սպառնացել է ուժ կիրառել Լեռնային Ղարաբաղի նկատմամբ: Նա պահանջել է, որ լուծարվի Արցախի խորհրդարանը և բոլոր նախարարները հրաժարական տան։ Ադրբեջանի առաջնորդը հայտարարել է, որ «միայն այդ կերպ նրանք կարող են համաներում ստանալ»։
«Նրանք շատ հնարավորություններ են բաց թողել, և ամեն անգամ, ինչպես ասում են, մենք ստիպված ենք եղել հարվածել նրանց գլխին, որպեսզի նրանք խելքի գան», - հայտարարել Է Ադրբեջանի նախագահը:
Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա, ըստ Ալիևի, սահմանների դելիմիտացիան պետք է տեղի ունենա Ադրբեջանի «արդար» պայմաններով։ Նա պահանջել է նաև բացել ճանապարհը դեպի Նախիջևան:
Բերձորում ելույթի ժամանակ նա հայերին կոչ է արել չմոռանալ, որ այնտեղից երևում են Հայաստանի գյուղերը։
Հավելենք, որ այսօր ՀՀ արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Ալիևի ռազմատենչ հայտարարություններին` նշելով, որ դրանք միտված են վիժեցնելու Հայաստանի Հանրապետության ու միջազգային գործընկերների ջանքերը՝ ուղղված տարածաշրջանում խաղաղության, կայունության և անվտանգության հաստատմանը: