Սյունիքի մարզում կառուցվող նոր ճանապարհների աշխատանքների մի մասն ավարտվել է. նախարար

Գնել Սանոսյան
Սանոսյանը հայտնեց, որ հիմա Նորավանից դեպքի Շամբ ուղղությամբ են աշխատանքներ կատարում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի – Sputnik. Ավարտվել է Շամբ-Լծեն 6,2 կմ ավտոճանապարհի կառուցման աշխատանքները, և գրեթե ավարտվել է Տաթև–Լծեն 19 կմ–անոց ավտոճանապարհը։ Այսօր Ազգային ժողովում տեղեկությունը լրագրողներին հայտնեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։

«Հիմա Նորավանից դեպքի Շամբ ուղղությամբ ենք աշխատանքներ կատարում։ Այնտեղ ասֆալտապատ տարածքը փոխարինում ենք նորով, և որոշ հատվածներում լայնացման աշխատանքներ են տարվում»,–ասաց նախարարը։

Սանոսյանը հայտնեց, որ հիմա նշված ճանապարհահատվածները երթևեկելի են։
Անդրադառնալով Հյուսիս–հարավ ճանապարհի սյունիքյան հատվածի շինարարությանը` նախարարը նշեց, որ Սիսիանից Քաջարան ճանապարհահատվածի աշխատանքների մեկնարկից հետո միջազգային դոնոր գործընկերների հետ քննարկումներ և որոշ հարցերում անհամաձայնություններ են եղել, որոնք այժմ համաձայնեցվում են։
«Բայց դա բերում է նրան, որ ավելի դանդաղ ենք շարժվում։ Մինչև այդ պրոցեսը կլիներ, մենք հասցրեցինք իրականացնել Քաջարան –Ագարակ մրցույթը, մոտ օրերս վերջնական տեսքի կբերենք և կունենանք հաղթող ընկերություն, և պատրաստվում ենք հայտարարել Քաջարանի թունելի մրցույթ»,–հավելեց նա։
Հիշեցնենք` Գնել Սանոսյանը 2021 թվականի դեկտեմբերին Sputnik Արմենիային հայտնել էր, որ Տաթև-Լծեն ճանապարհի ասֆալտապատումը կավարտվի 2022 թվականի աշնանը։ Նա նշել էր, որ Ադրբեջանի կողմից Գորիս-Կապան միջպետական ճանապարհը (որը կապում էր Հայաստանը Իրանի հետ) փակելուց հետո առաջին փուլում իշխանությունները վերանորոգել են Տաթև-Կապան այլընտրանքային ճանապարհը, հետո անցել են երկրորդ փուլին՝ այդ ճանապարհի բարդ հատվածների համար շրջանցումների կառուցմանը։
Հանձնելն ու փոխանակելը տարբեր բաներ են, ինչու եք գիշեր–ցերեկ հանձնելուց խոսում. Սանոսյանը` անկլավների մասին