Ռոման Բերեզովսկին Սևանի դպրոցներից մեկում ֆուտբոլ է խաղացել պատանիների հետ

Ռոման Բերեզովսկին Սևանի դպրոցներից մեկում ֆուտբոլ է խաղացել պատանիների հետ
Հանդիպումների շարքը չի սահմանափակվելու միայն թիվ 6 դպրոցով, քանի որ Բերեզովսկու անվան գավաթի խաղարկությանը ՀՀ բոլոր մարզերից պատանի ֆուտբոլիստների ներգրավելու որոշում կա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի – Sputnik. Լեգենդար դարպասապահ, Հայաստանի հավաքականի դարպասապահների մարզիչ Ռոման Բերեզովսկին այսօր այցելել է Սևան քաղաքի թիվ 6 դպրոց։ Դպրոցահասակ պատանի ֆուտբոլիստների հետ նրա հանդիպումը կազմակերպել էին Հայաստանում Ռուսական տունն ու «Բարության ուղի» կազմակերպությունը, որի նախագահն է Ռոման Բերեզովսկու ավագ եղբայրը` Ալեքսանդր Բերեզովսկին։
Պատանիները լեգենդար մարզիկի հետ հանդիպման էին եկել նրա լուսանկարով շապիկներով, Հայաստանի դրոշով, պաստառներով, ոմանք դարպասապահի ձեռնոցներ էին հագել։ Ալեքսանդր Բերեզովսկին Sputnik Արմենիային պատմեց, որ երեխաները Ռոմանին բազմապիսի հարցեր են տվել` ինչպես անձնական, այնպես էլ մասնագիտական բնույթի։ Մարզիկն իր ինքնագրով բացիկներ է բաժանել նրանց, իսկ հետո ֆուտբոլ խաղացել պատանիների հետ հենց դպրոցի դաշտում։
Ռոման Բերեզովսկին Սևանի թիվ 6 դպրոցում
Ի դեպ, Հայաստանում ռուսական տան ներկայացուցիչները վերոհիշյալ դպրոց այցելել էին դեռ անցյալ տարի, որովհետև այդ ուսումնական հաստատությունում կա ռուսերեն թեքումով դասարան։ Աշակերտներն այն ժամանակ խնդրել էին, որ Ռոմանի հետ հանդիպում կազմակերպվի։
Ռոման Բերեզովսկին ինքնագիր է բաժանում
«Հատկանշական է, որ երեխաները նույնիսկ ծնված չեն եղել այն ժամանակ, երբ Ռոման Բերեզովսկին խաղում էր ազգային հավաքականում, բայց զարգացած տեխնոլոգիաների այս դարաշրջանում, երբ համացանցում կան բազմաթիվ տեսանյութեր ու խաղերի տեսաձայնագրություններ, նրանք լավ տեղեկացված են իր գործունեության մասին»,–ասաց Ալեքսանդր Բերեզովսկին։
Ռոման Բերեզովսկին Սևանի թիվ 6 դպրոցում
Նախնական պայմանավորվածության համաձայն` հանդիպումների շարքը չի սահմանափակվելու միայն թիվ 6 դպրոցով։ Մայիսի 31-ին Հայաստանում Ռուսական տանը հյուրընկալվելու է ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը, որպեսզի շահագրգիռ կողմերի հետ հստակեցվեն ժամկետները, քանի որ Բերեզովսկու անվան գավաթի խաղարկությանը ՀՀ բոլոր մարզերից պատանի ֆուտբոլիստների ներգրավելու որոշում կա։ Ի տարբերություն շատ այլ քաղաքների, Սևանում ֆուտբոլային կյանքն այդքան էլ աշխույժ չէ։
Ռոման Բերեզովսկին և Սևանի թիվ 6 դպրոցի աշակերտները
Բերեզովսկու անվան գավաթի խաղարկության ընտրական փուլի հաղթողները Կապանում հոկտեմբերին կմասնակցեն եզրափակչին։
Նշենք, որ երկրորդ տարին անընդմեջ Հայաստանում կազմակերպվում է Ռոման Բերեզովսկու անվան գավաթի խաղարկություն, և կազմակերպիչները` Հայաստանում Ռուսական տունը, «Բարության ուղի» հ/կ–ն և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան, հույս ունեն, որ մրցաշարին կմասնակցեն մանկապատանեկան ակումբներ նաև Սևան քաղաքից։
Ռոման Բերեզովսկին և Սևանի թիվ 6 դպրոցի ուսուցիչները
Ավագ Բերեզովսկու կարծիքով` վերոհիշյալ մրցաշարն անշուշտ կնպաստի, որպեսզի ի հայտ գան հեռանկարային պատանիներ, մրցաշարը նրանց կտա ինքնադրսևորվելու հնարավորություն, հետագայում նրանք կարող են շարունակել պրոֆեսիոնալ կարիերան` ապագայում համալրելով տարբեր ակումբների և տարիքային տարբեր հավաքականների կազմերը։
Աշակերտների հանդիպումը Ռոման Բերեզովսկու հետ