ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի – Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն օրենք է ստորագրել Ռուսաստանի Դաշնության և Ղրղզստանի միջև հակաօդային պաշտպանության տարածաշրջանային համակարգի ստեղծման մասին համաձայնագրի վավերացման վերաբերյալ։ Ռուսական ԶԼՄ–ները հայտնում են, որ համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական առցանց պորտալում։
Փաստաթղթի համաձայն` երկու երկրների միասնական տարածաշրջանային ՀՕՊ համակարգը ստեղծվում է տարածաշրջանում ՀՕՊ–ը կատարելագործելու նպատակով։
Համաձայնագիրը ստորագրվել էր Մոսկվայում 2022 թվականի օգոստոսի 16-ին։ Այն կնքվում է 5 տարի ժամկետով։
Փաստաթղթի գործողությունը ինքնաբերաբար ներկարացվում է հետագա հինգ տարիների համար, եթե կողմերից ոչ մեկ այն դադարեցնելու մասին որոշում չկայացնի։ Նման մտադրության մասին պետք է ծանուցել համապատասխան ժամկետի ավարտից առնվազն վեց ամիս առաջ:
Ավելի վաղ` ապրիլի 10-ին, ՌԴ կառավարությունը հավանություն էր տվել միասնական տարածաշրջանային ՀՕՊ համակարգերի ստեղծման մասին Ղրղզստանի հետ համաձայնագրին։ Որոշումը ստորագրել էր ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը։