«ՊՆ Նոկիա»–ն Pegasus-ով չի վարակվում, բայց անվտանգ չէ. Մարտիրոսյան

Մարտիրոսյանի խոսքով` սմատֆոնները վարակվում են Pegasus-ով, բայց թույլ են տալիս տարբեր մեսինջերներով անվտանգ խոսել, իսկ «ՊՆ Նոկիա»–ն չի վարակվում, բայց օգտագործվում է այնպիսի կապով, որը հնարավոր է ամբողջությամբ լսել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի – Sputnik. Pegasus լրտեսական ծրագիրը վարակում է iOS համակարգով Apple–ները և անորոշ տիպի Android համակարգով աշխատող հեռախոսները։ «ՊՆ Նոկիա»–ները Pegasus-ով չեն վարակվում։ Տեղեկությունը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը։
«ՊՆ Նոկիա»–ները Pegasus-ով վարակել չեն կարող։ Բայց ուզում եմ անպայման շեշտել, որ «ՊՆ Նոկիա»–ներն անվտանգ չեն։ Եթե մարդը սահմանի մոտ խոսի այդ հեռախոսով, թշնամին ամբողջությամբ կարողանում է լսել։ Այդ հեռախոսներով հնարավոր չէ գաղտնագրվել, օրինակ խոսել որևէ մեսինջերով»,–ասաց Մարտիրոսյանը։
Մեդիափորձագետի խոսքով` Pegasus–ը հաճախ հետքեր չի թողնում։ Այսինքն՝ հայտնի վարակումները վերաբերում են «Այֆոն» ունեցողներին։
«Անդրոյիդ համակարգով աշխատող հեռախոսների դեպքում վարակման թվերի մասին մենք չգիտենք, քանի որ ի տարբերություն «Այֆոն» ունեցողների, այդ մարդիկ ծանուցում չեն ստանում»,–ասաց Մարտիրոսյանը։
Նա հավելեց, որ սմարթֆոնի սքանավորումն անգամ 100 տոկոսով ցույց չի տալիս, թե արդյոք եղել է վարակում, թե ոչ։