Փաշինյանը Ռուսաստանում հանդիպում կունենա Միշուստինի հետ․ ՌԴ ԱԳՆ-ն ժամկետներ է նշել

Արխիվային լուսանկար
ՌԴ ԱԳՆ ներկայացուցչի խոսքով՝ տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ փաստաթուղթն արդեն պատրաստ է:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի – Sputnik. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 7-9-ը բանակցություններ կվարի ռուս գործընկեր Միխայիլ Միշուստինի հետ: Alpha News-ի հաղորդմամբ՝ Մոսկվայում հայաստանցի փորձագետների մասնակցությամբ կլոր սեղանի ժամանակ տեղեկությունը հայտնել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների 4-րդ դեպարտամենտի փոխտնօրեն Սերգեյ Պալտովը։
Այդ օրերին տեղի կունենա Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը, ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստը, ինչպես նաև Եվրասիական կոնգրեսը:

«Հունիսի 7-9-ը Միշուստինը կընդունի Նիկոլ Փաշինյանին։ Հնարավոր է` այստեղ ինչ-որ բան պատահի, չգիտեմ»,-ասել է նա` ավելացնելով, որ տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ փաստաթուղթն արդեն պատրաստ է, որոշ տեխնիկական հարցեր են մնացել։

Դիվանագետը նշել է, որ մի քանի անգամ տեսել է փաստաթուղթը, այնտեղ ոչ էական խմբագրումներ կարվեն։
«Բայց առայժմ կողմերը չեն կարող վերջին քայլն անել։ Հույս ունեմ, որ մեկ շաբաթից այդ ամենը ինչ-որ գործնական հարթություն կանցնի, ու հնարավոր է, որ մեր առաջնորդները ևս մեկ անգամ հավաքվեն», - եզրափակել է նա։
Անդրադառնալով մայիսի 25-ին Մոսկվայում ՌԴ նախագահի հետ Հայաստանի վարչապետի հանդիպմանը՝ Պալտովը նշել է, որ զրույցը, որին ինքն անձամբ ներկա է եղել, կառուցողական է եղել: Փաշինյանն ու Պուտինը, նրա խոսքով, ավելի քան 2 ժամ զրուցել են։
Միշուստինը հայ գործարարներին առաջարկել է ավելի ակտիվ աշխատել ռուսական շուկայում
Հիշեցնենք, որ Մոսկվայում մայիսի 25-ին կայացել են Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների բանակցությունները, որոնց նախորդել են երկկողմ ձևաչափով հանդիպումները: Դրանց արդյունքներով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, մասնավորապես, հայտարարել է, որ անկախ որևէ բարդությունից և խնդիրներից, իրավիճակը կարգավորման ուղղությամբ է զարգանում: Նրա խոսքով՝ կողմերի միջև չկարգավորված հարցեր կան, բայց դրանք զուտ տեխնիկական բնույթ են կրում: