ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի – Sputnik. Պարեկները սկսել են արձանագրել կաշառք առաջարկելու դեպքեր։ Այսօր այս մասին հայտարարեց ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում։
Նա շեշտեց, որ պարեկային ծառայությունն իսկապես հեղափոխություն է արել համակարգում։
«Պարեկային ծառայության կողմից այս տարվա մոտ 3 ամսվա ընթացքում արձանագրվել է կաշառք առաջարկելու 18 դեպք։ 20 տարի ծառայելով ոստիկանության համակարգում` ես երբևիցե չեմ տեսել, որ Ճանապարհային ոստիկանության կողմից նման դեպք գրանցվի»,– նշեց Ղազարյանը։
Նա հավելեց, որ երբ դարձավ ոստիկանապետ, ճանապարհային ոստիկաններին բազմիցս հորդորել և կոչ է արել այս հարցում հետևողական լինել, բայց, ցավոք, դրական արդյունքներ չէին արձանագրվում։
Վահե Ղազարյանը ՀՀ ոստիկանության պետի պաշտոնը զբաղեցրել է 2020-2023թթ։ 2023 թվականի հունվարի 9-ին նշանակվել է ՀՀ ներքին գործերի նախարար։
Ղազարյանի խոսքով` Պարեկային ծառայությունում, իհարկե, խնդիրներ դեռ կան, որոնց լուծման ուղղությամբ աշխատանք է կատարվում։ ՀՀ ներքին գործերի նախարարը որպես առաջնահերթ խնդիրներից մեկը նշեց պարեկների բարեվարքությունը։
Իր հերթին ներքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանը նկատեց, որ ավելի հետևողական են սկսել վարչական վարույթներ նախաձեռնել նաև այլ տարածված խախտումների վերաբերյալ: Այսպես, 2022 թվականին ոչ սթափ վիճակում վարելու համար կազմվել է 280 արձանագրություն՝ 2021 թվականի 173-ի դիմաց, ԱՊՊԱ–ի բացակայության համար` 758, նախորդ տարվա 81–ի փոխարեն, մգեցված ապակիներով վարելու համար՝ 233, 2021թ–ի 80–ի փոխարեն։ Ղեկին ծխելու համար կազմվել է 227 արձանագրություն, մինչդեռ 2021-ին ոչ մի նման արձանագրություն չի եղել։