Նուբարաշենի աղբավայր ամենօրյա ռեժիմով հող կտեղափոխվի և տարածքի մշակում կիրականացվի

Նուբարաշենի աղբավայր
Աղբավայրի հրդեհը մարելու համար պահանջվել է 17 հազար տոննա ջուր և 2300 բեռնատար հող։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի – Sputnik. Չնայած Երևանի Նուբարեշենի աղբավայրում բռնկված հրդեհը երկու օր է ինչ մարվել է, քաղաքապետարանը որոշել է շարունակել աղբավայրի տարածքում ամենօրյա աշխատանքը։ Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում հայտնեց Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը։
Նրա խոսքով՝ աղբավայրի հրդեհն ամբողջությամբ մարվել է շաբաթ օրը`մայիսի 27–ին, կեսօրից հետո։ Սակայն որոշվել է շարունակել տարածքի մշակման աշխատանքները՝ ամռանը հնարավոր հրդեհներից խուսափելու համար։
«Որոշվել ենք աղբավայրում ամենօրյա ռեժիմով հող տեղափոխել և տարածքի մշակում իրականացնել»,- ասաց Արեյանը։
Նա հայտնեց նաև, որ աղբավայրի հրդեհը մարելու համար պահանջվել է 17 հազար տոննա ջուր և 2300 բեռնատար հող։
Իր հերթին փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը նշեց, որ ստեղծված իրավիճակի լուծումը կլինի նոր աղբավայրի կառուցումը։
Հիշեցնենք` ավելի վաղ ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը հայտնել էր, որ փրկարարներին հաջողվել է տեղայնացնել մայիսի 18-ին բռնկված կրակը, սակայն հրդեհը մարել չի հաջողվում։ ՆԳՆ–ից հայտնել էին, որ հրդեհաշիջման աշխատանքներին խանգարում են աղբավայրի տարածքում առաջացած տորֆանման զանգվածները, որոնց խորությունը տվյալ հատվածներում հասնում է մինչև 10 մետրի։ Հավելենք, որ Նուբարաշենում մոտ 5 հա տարածքում տարբեր օջախներով այրվում էր մոտ 1000 խմ աղբ։