ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի - Sputnik. Նավթի համաշխարհային գները երկուշաբթի առավոտյան սկսել են բարձրանալ։ Գնանշումները պահպանում է ԱՄՆ պետական պարտքի վերին շեմի բարձրացման շուրջ պայմանավորվածության ձեռքբերումը, ինչի մասին վկայում են աճուրդի տվյալները։
Brent տեսակի նավթի օգոստոսի ֆյուչերսների գինն աճել է 0,71 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով 77,53 դոլարի, WTI-ի հուլիսի ֆյուչերսների գինն աճել է 0,83 տոկոսով՝ հասնելով 73,27 դոլարի:
Թրեյդերներն ավելի շատ են հակված ռիսկի, ինչը դրական է նավթի գների համար՝ ԱՄՆ իշխանությունների պետական պարտքի առաստաղի հետ կապված պայմանավորվածությունների ձեռքբերումից հետո։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել էր, որ բյուջետային համաձայնություն է ձեռք բերել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Քևին Մաքքարթիի հետ՝ երկրի դեֆոլտից խուսափելու համար:
Նավթի գնանշումները պահպանում է նաև համաշխարհային արժույթների նկատմամբ դոլարի էժանացումը, ինչը հումքային ապրանքները, այդ թվում` նավթը, ավելի հասանելի է դարձնում այլ արժույթներով գնման համար։ Իենի և եվրոյի նկատմամբ դոլարն էժանանում է 0,14 տոկոսով։