ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի – Sputnik. Հայտնի ռուս կոմպոզիտոր Ալեքսեյ Ռիբնիկովը այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ պատմել է իր մեծ ուսուցչի` Արամ Խաչատրյանի հետ կապված հուշեր, նրա խոսքերն է մեջբերում ՌԻԱ Նովոստին։
Ռիբնիկովի խոսքով` նա հայտնվել է Արամ Խաչատրյանի դասարանում երբ դեռ երեխա էր և աշխատում էր մեծերին հավասար։
«10 տարեկան տղա էի, երբ եկա։ Ամեն ինչ դրանից էր կախված` մայրիկիս, հայրիկիս բոլոր հույսերը, ինչպես կդասավորվեր հետագա ճակատագիրս։ Արամ Իլիչն ինձ անմիջապես վերցրեց իր դասարան, և ամեն երեքշաբթի ես պետք է մյուս ուսանողների հավասար գայի և նրան նոր երաժշտություն կամ հնի վերամշակում բերեի` կատարելով նրա առաջադրանքը», – ասել է Ռիբնիկովը կոմպոզիտոր, դիրիժոր և մանկավարժ Արամ Խաչատրյանի 120-ամյակին նվիրված ասուլիսի ժամանակ։
Կոմպոզիտորը խոստովանել է, որ մինչ օրս էլ տեսնում է նույն սարսափելի երազը. մոտենում է երեքշաբթին, իսկ ինքը դեռ չի կատարել առաջադրանքը...
Ալեքսեյ Ռիբնիկովը ռուս կոմպոզիտոր է, ՌԴ ժողովրդական արտիստ։ Առավել հայտնի է դարձել «Խոակին Մուրյետայի աստղը և մահը» և «Յունոնա և Ավոս» ռոք–օպերաների, ինչպես նաև խորհրդային կինեմատոգրաֆիայի ոսկե ֆոնդը համալրած ֆիլմերի համար գրված երաժշտությամբ։ Իր բացառիկ, խորաթափանց և հիշվող ստեղծագործությունների համար ստացել է «ռուս Մոցարտ» անունը։
Արամ Խաչատրյանը կոմպոզիտոր է, որի ստեղծագործությունները համալրել են ХХ դարի դասական երաժշտությունը։ Նրա անունը քաջ հայտնի է, ստեղծագործությունները կատարվում են աշխարհի բոլոր անկյուններում, լավագույն թատերական բեմերում։
ՅՈւՆԵՍԿՕ–ն Խաչատրյանին դասում է ХХ դարի ամենահայտնի կոմպոզիտորների շարքին, իսկ մեր ժամանակների ամենահայտնի ստեղծագործությունների ցանկում առաջին տեղերից մեկն է զբաղեցնում «Գայանե» հայտնի բալետի համար գրված նրա «Սուսերով պարը»։