ՀՀ–ն Ադրբեջանի կողմից 2 հայ զինծառայողների առևանգման դեպքով դիմել է ՄԻԵԴ

ՄԻԵԴ
Ադրբեջանը ՄԻԵԴ–ին պետք է ներկայացնի հայ զինծառայողների պահման պայմանները, բժշկական և այլ փաստաթղթեր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի – Sputnik. Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը Ադրբեջանի կողմից 2 հայ զինծառայողների ապօրինի առևանգվման դեպքով երեկ՝ մայիսի 28-ին, դիմել է ՄԻԵԴ։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակի մամուլի պատասխանատու Հասմիկ Սամվելյանը։
«Միջանկյալ միջոց կիրառելու պահանջով դիմել ենք ՄԻԵԴ, որպեսզի ապահովվի հայ զինծառայողների կյանքի իրավունքը։ Հաստատման խնդիր չկա, քանի որ ադրբեջանական կողմն արդեն հաստատել է, որ հայ զինծառայողներն այնտեղ են։ Ադրբեջանը պետք է դատարանին ներկայացնի նրանց պահման պայմանները, բժշկական և այլ փաստաթղթեր։ Երբ դատարանն ուղարկի այդ պահանջը Ադրբեջանին, պատասխանի ժամկետ կնշանակի», - ասաց Սամվելյանը։
Հիշեցնենք` մայիսի 26–ին մարտական դիրքեր սնունդ մատակարարող ՀՀ ԶՈւ 2 զինծառայողի հետ կապն ընդհատվել էր։ Մայիսի 27-ին հաղորդագրություն տարածվեց, որ միջդիրքային ճանապարհին հայտնաբերվել է թիկունքային մատակարարման ավտոմեքենան, որի մեջ եղել է նաև զինվորներից մեկին ամրակցված զենքը։ Նույն օրը հայտնի դարձավ նրանց առևանգել են ադրբեջանցիները։ ՊՆ–ն հրապարակեց զինծառայողների անունները` Հարություն Յուրիկի Հովագիմյան և Կարեն Աշոտի Ղազարյան: Մայիսի 28-ին ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկացրին, որ Ադրբեջանի դատարանը կալանավորել է նրանց։