Համաշխարհային բանկը կաջակցի ՀՀ արդարադատության նախարարությանը

ՀԲ–ն նաև պատրաստակամություն է հայտնել նախարարությանը տրամադրել ՏՏ ոլորտի մասնագիտացված թիմ՝ ընթացիկ թվայնացման գործընթացներին աջակցելու համար:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի – Sputnik. Համաշխարհային բանկը կաջակցի արդարադատության նախարարությանը։ ԱՆ մամուլի ծառայությունը հայտնում է, որ այսօր նախարար Գրիգոր Մինասյանն ընդունել է ՀԲ ֆինանսական կառավարման առաջատար մասնագետ Արման Վաթյանի և ՀԲ Ֆինանսական կառավարման գլխավոր մասնագետ Կուրամ Ֆարուքի գլխավորած պատվիրակությանը։
Քննարկվել են փոխհամագործակցության մի շարք թիրախային ուղղություններ։
«Նախարար Մինասյանը կարևորել է Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կայքի և ծրագրի արդիականացումը, դատական արխիվի թվայնացումը, մինչդատական վարույթի էլեկտրոնային կառավարման ծրագրին վերաբերող որոշ հիմնահարցեր, այդ թվում՝ e-criminal case համակարգի ներդրման գործընթացը և այլն»,– նշված է հաղորդագրության մեջ։
Համաշխարհային բանկը պատրաստակամություն է հայտնել նախարարությանը տրամադրել ՏՏ ոլորտի մասնագիտացված թիմ՝ ընթացիկ թվայնացման գործընթացներին աջակցելու համար:
Ընդգծվել է Smart Court-ի գաղափարի կենսագործման անհրաժեշտությունը:
Նախարարը բարձր է գնահատել Համաշխարհային բանկի հետ առկա համագործակցությունը:
Նա ընդգծել է փոխգործակցությունը հետագայում ավելի ընդլայնելու կարևորությունը։
Նշենք, որ այսօր արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանն էլ ընդունել է Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչներին։