ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի – Sputnik. Կյանքը գերագույն արժեք չէ, գերագույն պարգև է, հակառակ դեպքում հայրենիքի համար այսքան նահատակներ չէին լինի։ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն այս խոսքերով դիմեց նրանց, ովքեր ներկա էին նրա «Ավետյաց երկրի տեսիլքով» գրքի շնորհանդեսին։
«Ներկա ժամանակներում մեզ փոխանցում են, որ կյանքը գերագույն արժեք է։ Ես դեմ եմ դրան։ Կյանքը գերագույն պարգև է, իսկ գերագույն արժեքը հայրենիքն է, ընտանիքն է, եկեղեցին։ Ես մաղթում եմ, որ ամեն հայ մարդ իր վերջին օրվա համար ապրի, մտածի այն մասին, թե ինչպես է մեկնելու այս աշխարհից` օրհնվա՞ծ, թե՞ նզովված»,–ասաց նա։
Սրբազանի խոսքով` պատերազմի օրերին և դրանից անմիջապես հետո գաղափարական խոսակցություն ունենալը շատ ծանր ու դժվար էր, ուստի որոշել է իր մտքերը զրույցների տեսքով փոխանցել հանրությանը։
«Մեզ ասում են` իրականության հետ հարմարվե՛ք, ոտքներդ ձեր վերմակի չափով պարզե՛ք, մի փոր հացով ապրե՛ք։ Երբ դա չես ընդունում, ծաղրում են։ Որ մեկն ասում է` ուզում եմ հայրենիք ունենալ, արժանապատիվ կյանք, ասում են` պաթոսով է խոսում, դավաճան է, ո՞նց չի կարողանում իրականության հետ համակերպվել»,–ասաց նա։
Ըստ նրա` պետք է գտնել այլ իրականություն` մերժելով այն տեղեկատվական, հոգեբանական գրոհը, որին ամեն օր ենթարկվում է հայ հասարակությունը։ Դա արվում է ազգին թմբիրի մեջ պահելու համար։
«Ինչո՞ւ չի կարող այդ բոլորին հակառակ այլ իրականություն լինել։ Եթե դպրոցում 2 ստացողները շատ են, մի՞թե 5 ստացողները չեն կարող այդ իրականությունը փոխել, թելադրող լինել։ Դա մեզ ներարկված չհավատալու հետևանքն է։ Ես խնդրում եմ, որ մենք այլ իրականության մասին մտածենք, մեր ականջները խուլ լինեն այդ տեղեկատվական ռմբակոծություններին»,–ասաց նա։
Սրբազանը նշեց, որ զրույցներից զատ, գրքի երկրորդ մասում հոդվածներ կան Հայաստանի տնտեսական կյանքի, ջրերի կառավարման, մշակութային կառավարման, ընտանեկան արժեքների մասին։
«Դրանք փաստաթղթեր են, վաղն էլ ուզեն` կարող են կիրառել։ Գրքում ոչ միայն մեր խնդիրների արձանագրումն է, այլև դրանց լուծումները։ Այսօրվա մեր գլխավոր խնդիրը լուծումներ չառաջադրելն է, միայն խնդիրներ արձանագրելն է»։
Իր խոսքը եզրափակելով` սրբազանն ընդգծեց, որ այժմ հայ ժողովուրդն ընդամենը մի կարգախոսով պետք է առաջնորդվի. «Չեմ մոռանալու հանուն քեզ, Հայաստա՛ն, չեմ ներելու հանուն քեզ, Արցա՛խ»։