ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի – Sputnik. Սայաթ-Նովա պողոտայում երկու անձի կողմից ապօրինի հատված 3 հսկայական բարդիների դեպքով Երևանի քաղաքապետարանի թեժ գծին երկու անգամ ահազանգ է ստացվել, սակայն համապատասխան միջոցներ չեն ձեռնարկվել, որի հետևանքով ծառայողական քննություն կանցկացվի։ Տեղեկությունը Երևանի քաղաքապետարանի գործակարգավորական նիստում հայտնել Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Ավինյանին զեկուցեցին, որ որ տեխնիկական խնդիր է եղել, և թեժ գծից չեն կարողացել տարածքի տեսուչի հետ կապ հաստատել, ինչը կուղղվի։
«Ստացվում է՝ տեխնիկական խնդրի պատճառով հաստաբուն բարդիները հատվել են։ Պետք է խնդրեմ սկսել ծառայողական քննություն՝ հասկանալու, թե ում պատճառով է եղել տեխնիկական խնդիրը։ Թեժ գիծ զանգ է եղել , որին պետք է անմիջապես արձագանքել։ Չենք կարող սպասել այդ ծառերը հատվեն, նոր միայն փաստ արձանագրենք, որից հետո 2 կամ 5 միլիոն տուգանք լինի»,–ասաց Ավինյանը։
Նա նշեց, որ ամենայն հավանականությանբ՝ որևէ մեկի մտքով անցել է այդ հողակտորը զավթել։
«Այս մեթոդով հողազավթումներ չեն կարողանալու անել»,–ասաց նա։
Ավելի վաղ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ–ը հայտնել էր, որ երեկ հսկայական վնաս է հասցվել Երևանի կանաչ ֆոնդին։ Սայաթ-Նովա պողոտայում երկու անձ ապօրինի հատել են 3 հսկայական բարդիներ։
ԿՇՄՊ ՀՈԱԿ-ն դիմել է ոստիկանություն։ Օրինազանցները բերման են ենթարկվել։ Հարուցել է քրեական գործ, ընթանում է նախաքննություն։