Չի բացառվում Թուրքիայի, ՌԴ-ի, Իրանի և Սիրիայի առաջնորդների գագաթնաժողովի անցկացումը. Քալըն

Էրդողանի պաշտոնական ներկայացուցչի խոսքով՝ գագաթնաժողովը կարող է տեղի ունենալ մոտ ժամանակներս:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի – Sputnik. Թուրքիայի, Ռուսաստանի, Իրանի և Սիրիայի ղեկավարները մոտ ժամանակներս կարող են քառակողմ գագաթնաժողով անցկացնել սիրիական կարգավորման շուրջ։ Տեղեկությունը AHaber հեռուստաալիքին հայտնել է Էրդողանի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալընը։
«Մոտ ժամանակներս կարող է տեղի ունենալ չորս առաջնորդների հանդիպումը։ Կա նաև «Աստանայի ձևաչափը», որը սովորաբար անցկացվում էր երեք առաջնորդների կազմով, բայց կարելի է փոփոխություններ կատարել։ Այդ մասին խոսելը վաղաժամ է, բայց քառակողմ հանդիպումը բացառել չի կարելի։ Կարող ենք նման հանդիպում անցկացնել նաև «Աստանայի ձևաչափով»․․. Մենք նպատակ ենք դրել ապահովել փախստականների վերադարձը Սիրիա, այդ նպատակով մարդասիրական, ռացիոնալ քայլեր ենք ձեռնարկելու», - ասել է նա։
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը, Սիրիայի արտգործնախարար Ֆեյսալ Միկդադը և Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն մայիսի 10-ին հանդիպում են ունեցել Մոսկվայում: Հանդիպման մասնակիցները պայմանավորվել են հանձնարարել փոխարտգործնախարարներին նախապատրաստել Թուրքիայի և Սիրիայի միջև հարաբերությունների առաջխաղացման ճանապարհային քարտեզը՝ չորս երկրների պաշտպանության նախարարությունների և հատուկ ծառայությունների աշխատանքի համաձայնեցմամբ:
Անցած տարվա դեկտեմբերին Ռուսաստանում կայացել են վերջին 11 տարվա ընթացքում Թուրքիայի և Սիրիայի պաշտպանության նախարարների առաջին բանակցությունները: 2011 թվականին Սիրիայում քաղաքացիական պատերազմ սկսվեց։ Թուրքիան, որը մինչ այդ հակամարտությունը սերտ հարաբերություններ էր պահպանում Դամասկոսի հետ, հանդես է եկել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հակառակորդների կողմից: