ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի – Sputnik. Պաշտոնական Բաքուն անպայման կշարունակի առաջ տանել փախստականների թեզը, որպեսզի ստանա ոչ միայն Լեռնային Ղարաբաղը, այլև Սյունիքը։ Sputnik Արմենիայի մուլտիմեդիոն կենտրոնում հրավիրված ասուլիսի ժամանակ այս տեսակետը հայտնեց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը:
Վիճակագրական տվյալներով` Ադրբեջանից հայ փախստականների թիվն ավելի մեծ է եղել՝ մոտ 500 հազար, քան ադրբեջանցիներինը Հայաստանից։
«Հայ փախստականները դժվար թե վերադառնան Ադրբեջան, իսկ ադրբեջանցիները կգան Հայաստան։ Ադրբեջանցի փախստականների համայնքը բավականին կազմակերպված է, և նրանք այդ հարցով վաղուց են զբաղվում։ Իրենց համար դա ստրատեգիական հարց է, քանի որ ի սկզբանե Սյունիքի նկատմամբ նկրտումներ ունեն»,- ասաց Հակոբյանը։
Նրա խոսքով՝ ադրբեջանական իշխանությունները կփորձեն առավելագույնը ստանալ Հայաստանից, քանի դեռ պաշտոնական Երևանը գնում է մշտական զիջումների ճանապարհով։
Քաղտեխնոլոգի պնդմամբ՝ ադրբեջանցի փախստականների Հայաստան գալով` Բաքուն կարող է անվտանգության հարց բարձրացնել` որևէ կոնֆլիկտ սարքել, հետո ասել, որ Հայաստանը չի կարողանում իրենց քաղաքացիների անվտանգությունը պաշտպանել ու դրանով «լեգիտիմ» իրավունք ձեռք բերել, որպեսզի թուրքական որոշ ստորաբաժանումներ գան օգնության։
Նա չբացառեց, որ Հայաստանին սպասում է «Կիպրոսի տարբերակը», այսինքն՝ 2 մասի բաժանվելը՝ թուրքական Կիպրոս, հունական Կիպրոս։
«Մեր պարագայում էլ կլինի թուրքական Հայաստան, հայկական Հայաստան»,– ասաց փորձագետը։
Հակոբյանն ընդգծեց, որ այսօրվա սարսափելի վիճակը, որն առկա է երկրում, դեռ ամենասարսափելին չէ, որովհետև կարող են շատ ավելի բարդ սցենարներ լինել։