ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի – Sputnik. Աշոտ Փաշինյանի և զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մոր` Գայանե Մարտիրոսյանի (Հակոբյանի) գործը դատարանի տիրույթում է։ Այս մասին մամուլի ասուլիսում հայտնեց Մարտիրոսյանի փաստաբանական խմբի անդամ Հովսեփ Սարգսյանը։
«Ուրբաթ օրվա վիճակով գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է ՀՀ դատախազության համապատասխան դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին։ Եվ մեր ունեցած տեղեկություններով` գործով նյութերը այսօր մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան։ Գործը թե ում մոտ է և ով է դատավորը՝ պաշտպանության կողմին հայտնի չէ»,–ասաց փաստաբանը։
Նրա խոսքով` նախաքննությունը տևել է բավականին կարճ` մայիսի 17–ից մինչև 25–ը։ 8 օր անց հայտարարվել է նախաքննության ավարտի մասին։
«Այդպիսով, նաև գործի նյութերն են տրամադրվել պաշտպանության կողմին և աննախադեպ նախանձելի հետևողականությամբ նախաքննությունն ավարտվել է, և այլևս գործը դատարանի տիրույթում է»,–ասաց Սարգսյանը։
Նա նաև հայտնեց, որ մինչև նախաքննության ավարտը հայտարարելը մինչդատական վարույթ իրականացնող մարմինը հայտարարել է նախկին հարուցված քրեական հետապնդումը փոփոխելու մասին` քրօրենսգրքի 191-րդ հոդվածի 2–րդ մասին առաջին կետով նոր քրեական հետապնդում հարուցելու մասով (Մարդուն առևանգելը անձի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի նկատմամբ` կապված այդ անձի կողմից իր պետական, քաղաքական, ծառայողական, մասնագիտական կամ հասարակական գործունեության կամ պարտքի կատարման հետ)։
Մայիսի 17-ին տեղեկություն տարածվեց, թե «Որդիների կանչ» ՀԿ–ի անդամները փորձել են առևանգել վարչապետի որդուն։ Վերջինս հաղորդում էր ներկայացրել ոստիկանություն, որից հետո ՀՀ քննչական կոմիտե քրեական գործ է հարուցել մարդուն առևանգելու հոդվածով, ձերբակալվել է մեկ անձ` Գայանե Հակոբյանը։
Մայիսի 20-ին նրա կալանավորման որոշումից հետո 44–օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները երթով Արշակունյանց պողոտայով շարժվեցին դեպի Հանրապետության հրապարակ ու անժամկետ նստացույց հայտարարեցին` պահանջելով ազատ արձակել Հակոբյանին։
Նստացույցը դադարեցվեց մայիսի 23-ին։