Առաջին անգամ Հայաստանում. Խաչատրյանի բալետային ստեղծագործությունները կհնչեն Թումոյի այգում

Սուսերով պարը «Գայանե» բալետից
Ծրագրում ընդգրկված են «Գայանե», «Դիմակահանդես», «Սպարտակ» բալետները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի – Sputnik. Հայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակի կապակցությամբ hունիսի 6, 7, 8-ին ժամը 20:00-ին Երևանի Թումոյի այգում Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը՝ Կարեն Դուրգարյանի ղեկավարությամբ, կներկայացնի կոմպոզիտորի բալետային ստեղծագործությունները:
Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում հայտնեց մշակույթի և զբոսաշրջության վարչության պետ Գոշ Սարգսյանը։
«Ծրագրում ընդգրկված են «Գայանե», «Դիմակահանդես», «Սպարտակ» բալետները»,–ասաց Սարգսյանը։
Նրա խոսքով, բնույթով և մասշտաբներով աննախադեպ միջոցառումների շարքը, որն առաջին անգամ է անցկացվում Հայաստանում և հետխորհրդային երկրներում, նվիրված է մաեստրոյի ծննդյան 120-ամյակին։
Սարգսյանը ընդգծեց, որ հաշվի առնելով միջոցառումների հանդեպ հանրության հետաքրքրությունը և ակնկալվող հանդիսատեսի քանակը, անհրաժեշտ է հասարակական տրանսպորտի լրացուցիչ շարժակազմեր, երթուղիներ տրամադրել, ինչպես նաև մետրոպոլիտենի աշխատանքը սահմանել մինչև ժամը 01.00–ը։