Ալեն Սիմոնյանն Արմեն Ռուստամյանին գործուղում է Փարիզ և Լոնդոն

Խորհրդարանականը ԵԽԽՎ մոնիթորինգի և մշակույթի, գիտության, կրթության և լրատվամիջոցների հարցերի հանձնաժողովների նիստերին կմասնակցի եվրոպական մայրաքաղաքներում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի – Sputnik. ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի որոշմամբ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԵԽԽՎ-ում Ազգային ժողովի պատվիրակության անդամ Արմեն Ռուստամյանը մայիսի 29–ից հունիսի 3-ը գործուղվում է Եվրոպա։ Կարգադրությունը հրապարակված է խորհրդարանի պաշտոնական կայէջում։
«Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) մոնիթորինգի հանձնաժողովի նիստին մասնակցելու համար 2023 թվականի մայիսի 29-31-ը Փարիզ (Ֆրանսիայի Հանրապետություն), ինչպես նաև ԵԽԽՎ մշակույթի, գիտության, կրթության և լրատվամիջոցների հարցերի հանձնաժողովի նիստին մասնակցելու համար 2023 թվականի հունիսի 1-3-ը Լոնդոն (Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն) գործուղել Ազգային ժողովի պատգամավոր Արմեն Ռուստամյանին»,- նշված է որոշման մեջ։
Նշենք, որ գործուղման ծախսերը կկատարվեն ՀՀ պետական բյուջեից։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ Ազգային ժողովի նախագահի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության մայրաքաղաք Լոնդոն։ Հրամանագրում նշված է, որ այցն աշխատանքային է, այն կտևի հունիսի 6-9–ը։ Պատվիրակության կազմում են ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը և այլք։