2022թ–ին բյուջեի եկամուտներն աճել են 24 տոկոսով. Փաշինյան

Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետը բյուջետային եկամուտների աճը պայմանավորում է 3 հիմնական գործոններով` տնտեսական աճ, ստվերի կրճատում և կառավարության իրականացրած բարեփոխումներ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի - Sputnik. 2022թ–ի պետական բյուջեի հարկային եկամուտները կազմել են 1 տրլն 926 մլրդ դրամ, ինչը 82 մլրդ–ով գերազանցել է պլանավորած ցուցանիշը, իսկ 2021թ–ի բյուջեի հարկային մասը գերազանցվել է 239 մլրդ դրամով։
Այս մասին այսօր ԱԺ–ում 2022թ–ի բյուջեի կատարողականը ներկայացնելիս հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` հավելելով, որ բյուջետային եկամուտների աճը պայմանավորված է 3 հիմնական գործոններով` տնտեսական աճ, ստվերի կրճատում և կառավարության իրականացրած բարեփոխումներ։
«Չնայած եկամտային հարկի շարունակական նվազմանը՝ 2022թ–ին նախորդ տարվա համեմատ հավաքագրվել է 63.5 մլրդ դրամով ավելի եկամտային հարկ` ընդհանուր առմամբ` 522 մլրդ դրամ, իսկ 2018թ–ի համեմատ, երբ գործում էր եռաստիճան հարկային դրույքաչափ` 23-36 տոկոս՝ 181.2 մլրդ դրամով ավելի եկամտահարկ ենք մենք հավաքել։ Այսինքն` հարկերն իջեցրեցինք, բայց ավելի շատ հարկ ենք հավաքել»,– ասաց Փաշինյանը։
Շահութահարկի գծով վճարումները 2022թ–ին ավելի քան 3 անգամ գերազանցել են 2021թ–ի ցուցանիշը։
«2023թ–ի ապրիլ ամսին հավաքագրվել է 296.8 մլրդ հարկային եկամուտ, որը Հայաստանի պատմության ռեկորդային ցուցանիշ է բոլոր ամիսների, այդ թվում` անցած տարիների ապրիլ ամիսների համեմատ։ ՀՀ–ում երբեք մեկ ամսվա ընթացքում այդքան հարկային եկամուտ չի հավաքագրվել»,– ասաց Փաշինյանը։
Նշենք, որ ապրիլին, որպես կանոն, հարկային հավաքագրումները կտրուկ աճում են` պայմանավորված նախորդ տարվա շահութահարկի վճարման վերջնաժամկետով։