2022թ–ին 45 ոստիկան ազատվել է աշխատանքից լիազորությունները չարաշահելու համար. Ֆիդանյան

Բոլոր այն դրվագներով, որտեղ ոստիկանների կողմից լիազորությունների ակնհայտ չարաշահում կա, նրանք պատասխանատվության են ենթարկվում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի – Sputnik. Օրենքը խախտած ոստիկանները Հայաստանում ենթարկվում են պատասխանատվության ՝ քրեական, կարգապահական։ Այսօր Ազգային ժողովում պաշտպանության և անվտանգության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում այս մասին հայտարարեց ՀՀ ներքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանը։
Մինչև տարեվերջ բոլոր մարզերում կգործի պարեկային ծառայություն. Ֆիդանյան
Պաշտոնյայի խոսքով՝ բոլոր այն դեպքերում, երբ առկա է ոստիկանության կողմից լիազորությունների ակնհայտ գերազանցում, կատարվում են համապատասխան գործընթացներ, նախաձեռնվում են քրեական վարույթներ, նշանակվում են ծառայողական քննություններ:
«Մենք ունենք ծառայությունից ազատված ոստիկաններ, ունենք տարբեր իրավախախտումների համար պատասխանատվության ենթարկված աշխատակիցներ։ Եթե չեմ սխալվում` միայն 2022 թվականին 45 մարդ ազատվել է ծառայությունից», - նշեց Ֆիդանյանը։
Ֆիդանյանը, միաժամանակ, կարծում է, որ ոստիկանության կոշտ գործողություններից հիմնականում բողոքել և բողոքում են իրավախախտումներ կատարած քաղաքացիները: Նա վստահ չէ, որ օրինապաշտ քաղաքացիները առիթ են ունեցել դժգոհելու իրավապահների դաժանությունից։
Եռաբլուրում ոստիկանների գործողությունների առնչությամբ քրեական վարույթ է նախաձեռնվել