2022-ին ՌԴ–ից Հայաստան է ժամանել 790 000 մարդ. ֆինանսների նախարար

Վահե Հովհաննիսյան
Դրամական փոխանցումները 2022–ին աճել են 2.9 անգամ, ինչը, նախարարի խոսքով, պայմանավորված է ՌԴ–ից փոխանցումների 6.8 անգամ ավելացումով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի - Sputnik. 2022թ–ի Հայաստան ժամանած զբոսաշրջիկների քանակը հասել է 1 մլն 666 հազարի, որից 790 հազարը` ՌԴ–ից։ Այս մասին այսօր ԱԺ-ում, 2022թ–ի պետական բյուջեի կատարողականը ներկայացնելիս, հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
Դրամական փոխանցումները 2022–ին աճել են 2.9 անգամ, ինչը, նախարարի խոսքով, պայմանավորված է ՌԴ–ից փոխանցումների 6.8 անգամ ավելացումով։
«Արդյունքում` եթե մենք տարվա սկզբին թիրախավորել էինք 7 տոկոս տնտեսական աճ, այնուհետև բյուջեն պլանավորելիս կանխատեսում էինք 11 տոկոս տնտեսական աճ, ապա փաստացի ունենք 12.6 տոկոս տնտեսական աճ, որը բացարձակ թվով կազմում է 8 տրլն 497 մլրդ դրամ»,– ասաց Հովհաննիսյանը։
Ֆինանսների նախարարը հայտնեց, որ տնտեսական աճին նպաստած հիմնական ճյուղը ծառայությունների ոլորտն է, որտեղ տարեկան աճը կազմել է 28.2 տոկոս։
9.3 տոկոսով տնտեսական աճին նպաստել է շինարարության ոլորտում գրանցված աճը, 8.5 տոկոսով` մշակող արդյունաբերության։
Վահե Հովհաննիսյանը նաև հայտնեց, որ 2022–ին ապրանքների արտահանումն աճել է 68.5 տոկոսով, ներմուծումը` 58.3։ Ծառայությունների արտահանումն աճել է 140 տոկոսով, ներմուծումը` 90։ Օտարերկրյա ուղղակի ներդրումները անցյալ տարի ավելացել են 2.7 անգամ` կազմելով 5.1տոկոս։