ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի – Sputnik. Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Գերագույն Ռադա է ներկայացրել Իրանի դեմ 50 տարով պատժամիջոցներ սահմանելու մասին որոշման նախագիծ: Տեղեկությունը հայտնում է РБК–ն։
Փաստաթղթի համաձայն՝ Իրանի Իսլամական Հանրապետության դեմ պատժամիջոցները կիրառվում են 50 տարի ժամկետով և կներառեն առևտրային գործառնությունների լիակատար արգելք, Ուկրաինայի տարածքում թռիչքների և փոխադրումների դադարեցում և Իրանի ռեզիդենտների կողմից կապիտալի դուրսբերման կանխում:
Պատժամիջոցների կիրառումը և մոնիթորինգը պետք է իրականացվեն անվտանգության ծառայության, Արտաքին հետախուզության ծառայության, Ազգային բանկի և այլ իրավասու պետական մարմինների կողմից:
Առաջարկվում է նաև արգելել Իրանում ցանկացած ներդրումների իրականացումը և ռեզիդենտների կողմից տեխնոլոգիաների, մտավոր սեփականության իրավունքի օբյեկտների նկատմամբ իրավունքների փոխանցումը:
Ազգային Բանկին արգելվում է նաև միջազգային վճարային համակարգի գրանցումը, որի օպերատորն Իրանն է: