ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի – Sputnik. Հանրապետության տոնի առիթով ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը մի խումբ զինծառայողների մեդալներով է պարգևատրել հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում ներդրած ավանդի, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած խիզախության և նվիրումի համար։ Տեղեկությունը հայտնում է նախագահականի մամուլի ծառայությունը։
Իր շնորհավորական խոսքում նախագահը նշել է, որ Առաջին Հանրապետությունը ձևավորվեց մեզ պարտադրված պատերազմի պայմաններում, երբ չունենալով բարեկամ ու դաշնակից` մեր ժողովուրդը կարողացավ համախմբվել և դիմակայել զորեղ հակառակորդներին։
«Նույն էր նաև 1991-ին, երբ մեզ կրկին պարտադրվեց պատերազմ և նորից մենք պետք է մեր անկախ պետականությունը կերտեինք պատերազմի բովում ու դիմադրության ճիգով՝ ճաշակելով և՛ կորուստների դառնությունը, և՛ հաղթանակների բերկրանքը: Մենք կարողացանք մեր միասնությամբ, մեր պայքարով ցույց տալ աշխարհի քարտեզի վրա Հայաստանի Հանրապետության լինելու իրավունքը»,– ասել է Խաչատուրյանը։
Նա շեշտել է, որ մայիսի 28-ը մեր պետականության ամենախորհրդանշական տոնն է և մեր պատմության ամենապայծառ դրվագներից մեկը:
Նրա խոսքով` անկախ պետականությունը մեր ժողովրդի միասնական կամքի արդյունքն է:
«Մենք համոզված ենք, որ այսօր էլ՝ ապավինելով մեր ուժին, վստահելով ու հավատալով մեր իշխանությանն ու մեր ժողովրդի իմաստնությանը, կարող ենք դիմագրավել դժվարին մարտահրավերներին և կերտել այն երկիրը, որի մասին երազում ենք»,– ընդգծել է նախագահը։
ՀՀնախագահը պարգևատրել է զինծառայողներին
© Photo : official site of the President of RA
Հիշեցնենք, որ Հանրապետության տոնի առիթով Սարդարապատի հուշահամալիրի մոտ այսօր տոնական երթ է անցկացվել, որին մասնակցել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախագահ Վահագն Խաչատուրյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, գործադիր և օրենսդիր իշխանությունների այլ ներկայացուցիչներ, զինվորականներ։ Հավելենք, որ այս ժամանակահատվածում ԶԼՄ–ների և քաղաքացիների համար մուտքը դեպի Սարդարապատի հուշահամալիր փակ էր։