ՌԴ-ի դեմ պատերազմ է բոլոր ճակատներում, Մոսկվան պետք է պահպանի ուժն ու կոշտ լինի. Պեսկով

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը. Արխիվային լուսանկար
Կրեմլի ներկայացուցիչն ընդգծել է, որ Ուկրաինայում ռազմական հատուկ գործողությունների նպատակները չեն փոխվել, և դրանք պետք է կատարվեն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի – Sputnik. ՌԴ-ի դեմ պատերազմ է բոլոր ճակատներում, Մոսկվան պետք է պահպանի սթափ միտքը, ուժն ու հավաքվածությունը։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նրա խոսքերն է մեջբերում ՌԻԱ Նովոստին` հղում անելով լրագրող Պավել Զարուբինին, ով Պեսկովի հետ զրույցից կադրեր է հրապարակել իր Telegram ալիքում։
«Ավելի լայն պատերազմ է գնում, պատերազմ մեր դեմ բոլոր ճակատներում` լինի տնտեսություն, միջպետական հարաբերություններ և այլն», – ասել է նա։
Պեսկովը նշել է, որ այսօր ոտնձգություն են անում այն ամենի հանդեպ, ինչ ժամանակին սրբություն էր, բոլոր այս անսասան հիմքերը փլվում են ոչնչից չքաշվող հավաքական Արևմուտքի ներկայացուցիչների ոտքերի տակ։
«Մենք պետք է չտրվենք հույզերի։ Պետք է պահպանենք սթափ մտածողությունը։ Եվ անենք այն, ինչը մեզ համար շահավետ է, այն, ինչը լավագույնս համապատասխանում է մեր շահերին` լինել կոշտ, սակայն բաց, որպեսզի հստակ տեղ հասցնենք մեր մտահոգությունները, մեզ համար անընդունելի պահերն ու այն, ինչի դեմ կռվելու ենք` բառի ընդհանուր իմաստով։ Մենք պետք է հասկացնենք նրանց այս ամենը», – ասել է Պեսկովը։
Անդրադառնալով ռազմական հատուկ գործողությանը` Կրեմլի ներկայացուցիչն ընդգծել է, որ դրա նպատակներն անփոփոխ են և պետք է ի կատար ածվեն։