Քըլըչդարօղլուն ՌԴ-ի հետ առանց խնդիրների հարաբերություններ է ուզում. Ստամբուլի քաղաքապետ

Թուրքիայի նախագահի ընդդիմության թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն. Արխիվային լուսանկար
Քըլըչդարօղլուի թիմը վճռական է ՌԴ-ի հետ համագործակցությունը հասցնել այն մակարդակի, «որը հարիր է և՛ Մոսկվային, և՛ Անկարային»։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի – Sputnik. Թուրքիայի նախագահի ընդդիմության թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն հաղթանակի դեպքում մտադիր է ՌԴ-ի հետ գործընկերային և առանց խնդիրների հարաբերություններ կառուցել։ Այս մասին այսօր հայտարարել է Ստամբուլի քաղաքապետ և պոտենցիալ փոխնախագահ Էքրեմ Իմամօղլուն։ Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
Թուրքիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլը մեկնարկեց այսօր տեղական ժամանակով ժամը 08.00–ին (համընկնում է Մոսկվայի ժամանակի հետ), քվեարկությունը կտևի մինչև 17.00–ը։ Նախագահի աթոռի համար պայքարում են Թուրքիայի գործող նախագահ Թայիփ Էրդողանն ու ընդդիմության միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն։
«Թուրքիայի Հանրապետության հիմնադրի կարգախոսն է «տան խաղաղությունը՝ խաղաղություն է ամբողջ աշխարհում»։ Նախևառաջ այդ կարգախոսը կցանկանայինք կիսել Ռուսաստանի հետ, քանի որ ՌԴ-ն որպես ծովով մեր հարևան, իր բնակչությամբ և հնարավորություններով կարևորագույն երկրներից մեկն է։ Կցանկանայինք անխնդիր հարաբերություններ ունենալ ոչ միայն ՌԴ–ի հետ, այլև մեր մյուս հարևանների... անկասկած, հաշվի ենք առնելու Թուրքիայի շահերը», – Ստամբուլի Բեյլիքդյուզյու շրջանում քվեարկությունից հետո հայտարարել է Իմամօղլուն։
Նա հավելել է, որ Քըլըչդարօղլուի թիմը վճռական է ՌԴ–ի հետ համագործակցությունը հասցնել այն մակարդակի, «որը հարիր է և՛ Մոսկվային, և՛ Անկարային»։ Միևնույն ժամանակ ընտրարշավի ընթացքում Քըլըչդարօղլուն հայտարարել է, որ Թուրքիայում գազային հաբի ստեղծման գաղափարը վտանգավոր է համարում Անկարայի և երկրի էներգետիկ անկախության համար։ Առաջին փուլից առաջ թեկնածուն հայտարարել էր, իբր ՌԴ–ն ընտրություններին միջամտելու փորձեր է անում, սակայն հետագայում որևէ ապացույց չէր ներկայացրել։
Նախագահական ընտրությունների առաջին փուլում Էրդողանը ստացել էր քվեների 49,52%–ը, նրա մրցակիցը` ընդդիմադիր Քըլըչդարօղլուն` 44,88%։