ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի – Sputnik. Սարդարապատն անակնկալի բերեց թշնամուն, որովհետև շատերին թվում էր, թե ցեղասպանված ժողովուրդն այլևս չի պայքարելու պետականության և ապրելու իրավունքի համար, բայց հայ ժողովուրդը դա արեց։ Առաջին Հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի հուշարձանի մոտ Դաշնակցության հրավիրած «Տեր ենք մեր հայրենիքին» ակցիայի ժամանակ հայտարարեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
Նա զուգահեռներ անցկացրեց անցյալի և ներկայի միջև` նշելով, որ ներկա իշխանություններն այսօր հայրենիքի պաշտպանությունը կազմակերպելու փոխարեն առաջարկում են հանձնվել և ընդունել թշնամու պայմանները։
«Տեր ենք մեր հայրենիքին» ակցիան Արամ Մանուկյանի արձանի մոտ
© Sputnik / Andranik Ghazaryan
«Մենք մերժում ենք այդ ճանապարհը, դա ինքնաոչնչացման ճանապարհ է»,– հայտարարեց Սաղաթելյանը։
Նրա կարծիքով` այսօր մեր շատ քաղաքացիներ ամբողջովին չեն գիտակցում այն վտանգը, որ կանգնած է յուրաքանչյուր հայի առջև։ Շեշտեց` իրականում ընտրություն չկա, քանի որ ընտրությունն ապրելու և ցեղասպանվելու միջև է։
«Մեր ընտրությունը հայրենիք, պետականություն ունենալու, կամ թափառական ժողովուրդ դառնալու միջև է, մեր ընտրությունը ստրկանալու, անթասիբ, աննամուս ապրելու, կամ ուժեղ և արժանապատիվ Հայաստան ու Արցախ ունենալու միջև է։ Մենք ընտրում ենք արժանապատիվ և ուժեղ Հայաստանի ճանապարհը, մենք հանձնվելու և պարտության օրակարգին հակադրելու ենք արժանապատիվ և ուժեղ Հայաստանի օրակարգը, և դա մենք անելու ենք միասին»,– հայտարարեց Սաղաթելյանը։
Իշխան Սաղաթելյանի ելույթը «Տեր ենք մեր հայրենիքին» ակցիայի ժամանակ
© Sputnik / Andranik Ghazaryan
Նա շեշտեց` ցանկացած փաստաթուղթ, որով գործող իշխանությունն ընդունելու է Արցախը Ադրբեջանի կազմում` լեգիտիմ չէ։ Հավելեց` ժամանակ այլևս չկա, քանի որ իշխանություններն արդեն հայտնել են հանձնելու ճանապարհային քարտեզն ու ժամանակացույցը։ 2023 թվականը յուրաքանչյուր հայի համար ճակատագրական տարի է լինելու` վճռական որոշումներ կայացնելու համար։
«Ջրբաժանը հստակ է` մի կողմում մարդիկ են, ովքեր պատրաստ են պայքարել հայրենիքի համար, ում համար մեր հայրենիքի յուրաքանչյուր թիզը սուրբ է, մյուս կողմում իրենց երկրում տնվորի կարգավիճակով ապրող այս իշխանություններն են, որոնք իրենց հայրենիքի համար կադաստրի վկայական են աղերսում թշնամուց»,– հավելեց դաշնակցական գործիչը։
Սաղաթելյանն ընդունեց` իրենք ևս սխալներ ու թերություններ ունեցել են, բայց կոտրվող տեսակ չեն, ճանապարհից հետ չեն դառնալու։
Ишхан Сагателян на акции АРФ "Дашнакцутюн", приуроченной ко Дню Первой Республики (28 мая 2023). Еревaн
© Sputnik / Andranik Ghazaryan
Նա խոստացավ, որ ՀՅԴ-ն իր բոլոր ուժերով և միջոցներով պայքարելու է մինչև վերջին շունչ, ժողովրդին ոտքի է հանելու, առաջնորդելու է այս պայքարը, ներքին և արտաքին թշնամուն դուրս է մղելու երկրից։
«Նոր Սարդարապատ լինելու է, և այդ նոր Սարդարապատում մենք հաղթելու ենք»,– եզրափակեց իր ելույթը Սաղաթելյանը։
Ելույթներ ունեցան դաշնակցական մի շարք գործիչներ, ապա հավաքվածների հետ միասին երթով շարժվեցին «Նեմեսիս» գործողության հիշատակին նվիրված հուշարձանի մոտ։ Նրանց ձեռքերում Հայաստանի և Արցախի դրոշներն էին։