ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի – Sputnik. Իսրայելի նախագահ Իցխակ Հերցոգը ադրբեջանցի իր գործընկեր Իլհամ Ալիևի հրավերով մայիսի 30-ին կայցելի Ադրբեջան։ Այս մասին հայտնում է Jerusalem Post թերթը։
Հերցոգի այցը կտևի երկու օր, նրան ուղեկցելու է կինը` Միխալ Հերցոգը։
«Ալիևը Հերցոգին և նրա տիկնոջը կդիմավորի իր նստավայրում պատվո պահակախմբի հետ։ Նախագահները նախատեսում են դիվանագիտական հանդիպում անցկացնել, որից հետո կլինի ճաշ զույգերի համար», – գրում է թերթը։
Բացի այդ, Իսրայելի նախագահը նախատեսում է հանդիպել Ադրբեջանի հրեական համայնքի ներկայացուցիչների հետ։ Նա կմասնակցի նաև Իսրայելի անկախության 75-ամյակին նվիրված հատուկ միջոցառմանը։
Այցի հիմնական նպատակը, ըստ թերթի, երկու պետությունների միջև ռազմավարական կապերի ամրապնդումն է։
Իսրայելական պատվիրակության կազմում կլինի նաև ներքին գործերի և առողջապահության նախարար Մոշե Արբելը, որը նախատեսում է ադրբեջանցի գործընկերների հետ քննարկել բժշկական ոլորտում համագործակցությանն առնչվող հարցեր։ Ակնկալվում է, որ կողմերը այդ ոլորտում համագործակցության մասին համաձայնագիր կստորագրեն։