Եկող տարի նաև ռելոկանտները կմասնակցեն. կայացել է հեծանվավազքի «Վարչապետի գավաթ» մրցաշարը

Կայացել է հեծանվավազքի «Վարչապետի գավաթ» մրցաշարը
Մրցաշարի 300-ից ավելի մասնակիցների թվում է եղել նաև էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի – Sputnik. Գեղարքունիքի մարզում՝ Շողակաթ-Սևանա լճի թերակղզի ճանապարհահատվածում, անցկացվել է «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարը: Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։
Երրորդ տարին անընդմեջ կազմակերպվող մրցաշարի պարգևատրման արարողությանը ներկա է եղել վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Մրցաշարն անցկացվել է կանանց և տղամարդկանց 2 տարիքային խմբերով: Առաջինում եղել են 18-ից 40 տարեկան կանայք և տղամարդիկ, երկրորդում՝ 41 և ավելի բարձր տարիքի։
Կայացել է հեծանվավազքի «Վարչապետի գավաթ» մրցաշարը
Մրցաշարում երկու տարիքային խմբերում 1-3–րդ տեղերը զբաղեցրած մասնակիցները պարգևատրվել են ԿԳՄՍ նախարարության համապատասխան կարգի հավաստագրերով, գավաթներով, մեդալներով: Երկու տարիքային խմբերի 1-ից 10-րդ տեղեր գրաված մասնակիցները ստացել են նաև դրամական մրցանակներ:
Վարչապետ Փաշինյանը շնորհակալագրեր և խրախուսական մրցանակներ է հանձնել ամենատարեց կին և տղամարդ մասնակիցներին:
Ի դեպ, մրցաշարի 300-ից ավելի մասնակիցների թվում է եղել նաև էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:
«Մենք ուզում ենք հնարավորինս շատ առիթներ ստեղծել, որպեսզի Հայաստանի Հանրապետության քաղաքացին ինքն իրեն հաղթահարելու, ինքն առաջին հերթին իր հետ մրցելու առիթ ունենա և ապացուցի որպես քաղաքացի, որպես պետության իրավատեր, որ մեր կամքը՝ ունենալու ինքնիշխան, ազատ, ուժեղ, զարգացած, բարեկեցիկ և երջանիկ պետություն, անսասան է»,– իր շնորհավորական խոսքում ասել է վարչապետ Փաշինյանը։
Նա հույս է հայտնել, որ հաջորդ տարի մրցաշարի մասշտաբներն ավելի կմեծանան, Սևանի շուրջ բոլոր ճանապարհները կլինեն արդեն կատարյալ վիճակում, և չենք ամաչի նաև օտարերկրացիներ հրավիրելու:
Կայացել է հեծանվավազքի «Վարչապետի գավաթ» մրցաշարը
Ինչ վերաբերում է այս տարվան, Փաշինյանի խոսքով` լողի «Վարչապետի գավաթը» միջազգայնացնելու ծրագրեր կան։ Մասնակցության հնարավորություն կտրվի նաև Հայաստանում ապրող բազմաթիվ ռելոկանտներին։ Ըստ Փաշինյանի` նրանք անընդհատ դիմում են և մրցութային կարգով մասնակցելու ցանկություն հայտնում։