Առաջին հանրապետությունը կարևոր դասեր թողեց. Ալեն Սիմոնյան

Ալեն Սիմոնյան. Արխիվային լուսանկար
Խորհրդարանի ղեկավարի խոսքով` 1918 թվականը մեր երկրի վերածննդի խորհրդանիշն է:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի – Sputnik. Մեր ժողովրդի համար օրհասական պահին ստեղծված հանրապետությունը ինքնակազմակերպման, ընտրությունների միջոցով կամարտահայտության և ազատատենչության կարևոր մարմնավորումն էր: Հանրապետության օրվա առիթով հղված իր շնորհավորական ուղերձում ասել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի։ Նրա ուղերձը տարածել է ԱԺ լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։
«Հանրապետության քաղաքացի լինելը, որքան էլ այդ ժամանակների համար անծանոթ իրողություն էր, այնուամենայնիվ, նոր դարաշրջանի սկիզբն էր, որն անշրջելի էր լինելու ժողովրդավարության և մեր օրերի հանրապետությանը հասնելու համար»,– նշված է ուղերձում։
Խորհրդարանի ղեկավարի խոսքով` թեպետ Առաջին Հանրապետությունը երկար կյանք չունեցավ, բայց անուրանալի դասեր թողեց հայոց պատմության էջերում, որոնք ուսումնասիրման, առերեսման և խորհելու մեծ հնարավորություն են տալիս սերունդներին:
«1918 թվականը մեր երկրի վերածննդի խորհրդանիշն է ու ժառանգությունը, մեր պետականության հիմնաքարը, որի դրական և մնայուն արժեքները պահպանելու և ամրացնելու պատասխանատվություն ունենք»,– ասել է Սիմոնյանը։
Հիշեցնենք, որ Հանրապետության տոնի առիթով Սարդարապատի հուշահամալիրի մոտ այսօր զորահանդես և տոնական երթ է անցկացվել, որին մասնակցել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախագահ Վահագն Խաչատուրյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, գործադիր և օրենսդիր իշխանությունների այլ ներկայացուցիչներ, զինվորականներ։
Հավելենք, որ այս ժամանակահատվածում ԶԼՄ–ների և քաղաքացիների համար մուտքը դեպի Սարդարապատի հուշահամալիր փակ էր։
Հիշեցնենք, որ 1918թ.–ին, ցեղասպանության ենթարկված հայ ժողովուրդը Սարդարապատում կարողացավ կենաց ու մահու կռիվ մղել թուրքական մեծաքանակ զորքի դեմ և հաղթանակ տանել` դրանով ապացուցելով իր գոյության իրավունքը։ Սարդարապատի ճակատամարտը տեղի ունեցավ 1918 թ.–ի մայիս 26–ին, իսկ 2 օր անց` մայիսի 28–ին, հռչակվեց Հայաստանի 1–ին Հանրապետությունը։