ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի – Sputnik. Առաջին անգամ մեր իրականության մեջ ստեղծվեց պետություն, որտեղ իշխանությունը պատկանում է ժողովրդին։ Սարդարապատի հուշահամալիրում իր շնորհավորական ուղերձում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` խոսելով Հայաստանի առաջին հանրապետության հռչակման մասին։ Նա հիշեցրեց` մենք անկախություն հռչակեցինք այն ժամանակ, երբ կայսրություններ էին փլուզվում և նոր աշխարհակարգ էր ձևավորվում։
Հայաստանի առաջին հանրապետությունն ընդամենը 2 ու կես տարվա կյանք ունեցավ։ Վարչապետի Նիկոլ Փաշինյանի կարծիքով` դա եղավ նաև այն պատճառով, որ հաղթելով գոյամարտում, պետություն հռչակելով` մենք անկախ պետությունում ապրելու մեր տեսլականը չհասցրեցինք ձևակերպել, Առաջին հանրապետությունում ապրելը չհասցրեցինք դարձնել ինքներս մեզ համար հարմարավետ և շահավետ։
«Առաջին հանրապետությունը չհասցրեց ինքն իրեն դիրքավորել որպես սեփական քաղաքացիների անվտանգության, բարեկեցության ու երջանկության միջոց, որովհետև, ըստ էության, խաղաղության և ոչ մի օր չունեցավ իր գոյության ողջ ընթացքում: Սովը, ցեղասպանությունից մազապուրծ գաղթականությունը, ներքին խժդժությունները, տնտեսության, պետական ինստիտուտների, պետականության մշակույթի բազմադարյա բացակայությունը, արտաքին ազդեցությունը, պատերազմը Առաջին հանրապետության անկման պատճառ դարձան»,– ասաց կառավարության ղեկավարը։
Նա շեշտեց` այս ամենն Առաջին հանրապետության դերն ամենևին չի նսեմանում, 540 տարվա ընդմիջումից հետո հայ ժողովուրդը պետություն ունեցավ։
Փաշինյանը շեշտեց, որ Առաջին հանրապետությունը բազմաթիվ դասեր է տվել։
Նախ այն, որ Հայաստանի Հանրապետությունում ապրելը քաղաքացու համար պիտի լինի հարմարավետ և շահավետ, բարեկեցությունն ու երջանկությունը պետք է լինեն այսօր, այլ ոչ թե հեռավոր մի ապագայում։ Փաշինյանը նաև որոշակի համեմատականներ է անցկացրել Առաջին և Երրորդ հանրապետությունների միջև։
«Առաջին հանրապետությունը չունեցավ ժամանակ. մենք դեռեւս ունենք: Առաջին Հանրապետությունը չկարողացավ կանգուն մնալ 20 թվականի պատերազմից հետո, մենք կանգուն ենք 20 թվականի պատերազմից հետո կառուցում ենք մի հայրենիք-պետություն, որն այստեղ է և հիմա է, և մենք այլևս չենք գնալու նոր հայրենիք փնտրելու, որովհետև մեր հայրենիքը մեր պետությունն է»,– ասաց Փաշինյանը:
Նրա խոսքով` ժողովրդի համար անվտանգություն, բարեկեցություն և երջանկություն ապահովել հնարավոր է հարևանների հետ կարգավորված հարաբերությունների և խաղաղության պայմաններում։ Ընդգծեց` դա այն էր, ինչ չունեցավ Առաջին հանրապետությունը, ցավոք, դեռևս չունի Երրորդ Հանրապետությունը:
Նա շեշտեց, որ հենց սա է պատճառն իրենց որդեգրած խաղաղության օրակարգի։ Հավելեց` մեր բոլոր նահատակներն ընկել են հանուն սեփական ժողովրդի երջանկության և ոչ տառապանքին։ Բարեկեցիկ, զարգացած, ապրող ու անվտանգ Հայաստանի Հանրապետությունն է, որ պիտի հավերժ խաղաղություն բերի մեր բոլոր նահատակների հոգիներին:
Նշենք, որ այսօր Սարդարապատի հուշահամալիրում հանդիսավորությամբ, շքերթով նշում են Հանրապետության տոնը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ միասին հուշահամալիր են այցելել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, գործադիր և օրենսդիր իշխանությունների այլ ներկայացուցիչներ, զինվորականներ։ Հավելենք, որ այս ժամանակահատվածում ԶԼՄ–ների և քաղաքացիների համար մուտքը դեպի Սարդարապատի հուշահամալիր փակ էր։