Առաջին հանրապետության դասերը չեն կորցրել արդիականությունը. Արմեն Սարգսյան

Արմեն Սարգսյանը Սարդարապատում. Արխիվային լուսանկար
ՀՀ չորրորդ նախագահը կարծում է, որ այսօր էլ կենսական են հայոց պետականության պահպանումն ու ամրապնդումը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի – Sputnik. Հայաստանի առաջին հանրապետության փորձը, ձեռքբերումները ու նաև ձախողումները դասեր են, որոնք երբևէ չեն կորցրել իրենց կարևորությունն ու արդիականությունը: Հանրապետության տոնի առիթով հղված իր ուղերձում ասել է ՀՀ 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանը։
«Մայիսի 28-ը Հայաստանի պատմության մեջ դրոշմվել է որպես զարթոնքի, հաղթանակի, վերածննդի և պետականության կերտման օր»,– շեշտել է Արմեն Սարգսյանը։
Նրա խոսքով`այսօր էլ կենսական են հայոց պետականության պահպանումն ու ամրապնդումը, մեր միասնականությունը, մեր ինքնության, ազգային, հոգևոր արժեքների, ազգային շահի գիտակցումն ու պաշտպանումը:
Հիշեցնենք, որ 1918թ.–ին, ցեղասպանության ենթարկված հայ ժողովուրդը Սարդարապատում կարողացավ կենաց ու մահու կռիվ մղել թուրքական մեծաքանակ զորքի դեմ և հաղթանակ տանել` դրանով ապացուցելով իր գոյության իրավունքը։ Սարդարապատի ճակատամարտը տեղի ունեցավ 1918 թ.–ի մայիս 26–ին, իսկ 2 օր անց` մայիսի 28–ին, հռչակվեց Հայաստանի 1–ին Հանրապետությունը։