ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Զարթոնք գյուղում ներկա է գտնվել տեղի նորակառույց մանկապարտեզի բացման արարողությանը: Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։
80 երեխայի համար նախատեսված մանկապարտեզը կառուցվել է սուբվենցիոն ծրագրով, ընդհանուր ներդրվել է 163 մլն դրամ: Միջոցների կեսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, մյուս մասը՝ համայնքը: Նշենք, որ 2004 թվականից ի վեր գյուղում մանկապարտեզ չի գործել:
«Մեզ մնում է, որ մեր երեխաները սովորեն, նորանոր հմտություններ ձեռք բերեն և ամենակարևորը՝ պատրաստվեն լինել Հայաստանի Հանրապետության հպարտ և արժանապատիվ քաղաքացի, որն ապրում է խաղաղ միջավայրում և որը սեփական քաղաքացիների համար երջանկություն և բարեկամություն կառուցելու առաջնային միջոցներ է ստեղծում»,– շնորհավորելով մանկապարտեզի բացումը` ասել է Փաշինյանը։
Նա շեշտել է, որ ամենամեծ աշխատանքը դեռ առջևում է:
Ամենամեծ աշխատանքը դեռ առջևում է. վարչապետը Արմավիրում մանկապարտեզի բացման է ներկա եղել
Կառավարության ղեկավարը նաև գյուղ գալու ճանապարհին բավականին շատ անմշակ հողեր է նկատել։ Շեշտել է` թեպետ Արարատյան դաշտում անմշակ հողը շատ զարմանալի տեսարան է, բայց պետք է դրա պատճառները հասկանալ:
«Մենք պետք է այդ պատճառների մեջ խորամուխ լինենք, որպեսզի ամեն մի քառակուսի մետրից կարողանանք ստանալ բերք, բարիք, որովհետև դրանից է կախված մեր երկրի նկատմամբ տիրոջ զգացումը»,– ասել է Փաշինյանը։
Նա շնորհավորել է բոլոր ներկաներին Հանրապետության օրվա առիթով, շրջայց կատարել մանկապարտեզով, ծանոթացել իրականացված աշխատանքներին:
Զարթոնք գյուղում Փաշինյանը նաև հարգանքի տուրք է մատուցել հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակին: