Վթարի ենթարկված 4 պատանի ըմբշամարտիկն էլ վերակենդանացման բաժնում են․ մանրամասներ ԲԿ–ից

Վիրավորների մոտ առկա ենգանգուղեղային վնասվածքներ, կրծքավանդակի և որովայնի սալջարդեր, վերջույթների կոտրվածքներ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի – Sputnik. Արտաշատ-Գառնի ճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով վնասվածքներ ստացածներից 4-ը վերակենդանացման բաժանմունքում են։ Տեղեկությունը հայտնում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի ծառայությունը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ բախվել են «Վազ 2106» և «Volkswagen ID 4» մեքենաները: «Վազ 2106»–ով Արտաշատից Գառնի էին մեկնում պատանի ըմբշամարտիկներն ու մարզիչները` մրցումների մասնակցելու։Վթարի հետևանքով կա 1 զոհ և 7 վիրավոր։
«Սուրբ Աստվածամայր»–ից հայտնում են, որ տուժածները տեղափոխվել են «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ։
«Տուժածներից 4-ին «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկները տեղափոխել են կլինիկայի վերակենդանացման բաժանմունք։ Վիրավորներից 3-ի վիճակը գնահատվում է շատ ծանր, մեկի վիճակը՝ ծայրահեղ ծանր։ Վիրավորների մոտ առկա են գանգուղեղային վնասվածքներ, կրծքավանդակի և որովայնի սալջարդեր, մեկի մոտ կա նաև վերջույթների կոտրվածքներ»,- ասված է հաղորդագրությունում։
Բոլոր երեխաները գտնվում են վերակենդանացման բաժանմունքում` բժիշկների հսկողության տակ։
Հիշեցնենք՝ ավելի վաղ ՔԿ-ն հայտնել էր, որ վթարի մասնակից ավտոմեքենաների վարորդների օրգանիզմում ալկոհոլ չի հայտնաբերվել։