ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի – Sputnik․ Այսօր` մայիսի 27–ին, վթարի են ենթարկվել Արտաշատից Գառնի մրցումների մեկնող մարզիկներ։ Վթարի հետևանքով կա 1 զոհ և 7 վիրավոր։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։
«Երկու մեքենա՝ մեկը «Վազ 2106», իսկ մյուսը` «Volkswagen ID», բախվել են: «Վազ 2106»-ում են եղել մարզիկներն ու մարզիչները: Նրանք Արտաշատից դեպի Գառնի գնալիս են եղել, այնտեղ պետք է մրցումների մասնակցեին»,- նշեց Աբրահամյանը:
Նախնական տվյալներով` նրանք պատանի ըմբշամարտիկներ են։ Աբրահամյանի խոսքով՝ մահացել է մարզիչը, որը նաև մարզիկներից մեկի հայրն է:
«Վիրավոր մարզիկներից երկուսի վիճակը մյուսների համեմատ ավելի ծանր է: Դատաբժշկական փորձաքննություններ են նշանակված: Այս պահին քննչական նախնական գործողություններ են կատարվում»,-շեշտեց Աբրահամյանը և ընդգծեց՝ բոլոր տվյալները դեռ նախնական են։
Ենթադրվում է, որ «Վազ 2106» մակնիշի մեքենայի մեջ, բացի վարորդից, ևս վեց մարդ է եղել: Վիրավորների թվում է նաև «Volkswagen ID» մակնիշի մեքենայի վարորդը։
ՔԿ մամուլի խոսնակը նշեց, որ դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի (Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը) 2-րդ մասի հատկանիշներով: