Զենք կա սահմանամերձ բոլոր բնակավայրերում. Սյունիքի մարզպետը` ինքնապաշտպանության մասին

Ռոբերտ Ղուկասյանը վստահեցնում է՝ անհրաժեշտ է, որպեսզի օրենսդրական հստակ կարգավորումներ լինեն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի – Sputnik․ Սյունիքի մարզի սահմանամերձ բնակավայրերում անհրաժեշտ ինքնապաշտպանության համար համապատասխան քանակությամբ զենք կա։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը՝ անդրադառնալով այն խնդրին, որ ադրբեջանական դիրքերն այսօր շատ մոտ են և անհրաժեշտ է անվտանգային միջոցառումներ իրականացնել։
Նոր օրենքն ընդունվեց. ՀՀ-ում զենք կարելի է գնել 21 տարեկանից
Նրա խոսքով՝ հասկանալի պատճառներով այդ հարցի առնչությամբ շատ փակագծեր չի բացի, միայն վստահությամբ ընդգծեց, որ զենք կա սահմանամերձ բոլոր բնակավայրերում։
«Իհարկե, շատ բնակիչներ ցանկանում են իրենց մոտ զենք ունենալ, բայց դա միանշանակ ճիշտ չէ։ Մենք պետք է աչալուրջ լինենք։ Դուք էլ հասկանում եք` եթե զենքի կրման, պահելու հետ կապված հստակ կանոնակարգում չլինի, ապա այդ ամենի հետևանքով կարող են դժբախտ պատահարներ գրանցվել։ Ասել, որ սահմանամերձ գյուղերում զենք չկա՝ սխալ է։ Դրանք կան»,- ասաց Ղուկասյանը։
Նա շեշտեց, որ զենքը մարզում այնքան է, որքան անհրաժեշտ է համարում ՀՀ պաշտպանության նախարարությունը։
Հիշեցնենք` Ազգային ժողովը փոփոխություններ է մտցրել «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքում։ Ըստ օրինագծի՝ արգելվում է բնակավայրերից և ճանապարհներից 500 մետրից պակաս հեռավորության վրա օգտագործել ողորկափող զենք, իսկ ակոսափող զենքերի համար այդ տարածությունը 5000 մետր է:
Տեղ գյուղի 50 բնակիչ Ադրբեջանի ԶՈւ–ի պատճառով զրկվել է հողատարածքներից․ Սյունիքի մարզպետ
Նշենք, որ օրենքը կազմվել, ընդունվել է 2022 թվականի հոկտեմբերին և պետք է ուժի մեջ մտներ 2023–ի ապրիլի 28-ին։ Բայց կառավարությունը չի հասցրել ենթաօրենսդրական ակտեր մշակել զենքի շրջանառության սահմանափակման, քաղաքացիական հրաձգարանների և այլնի վերաբերյալ, դրա համար էլ օրենքի ուժի մեջ մտնելը հետաձգվել է մինչև հուլիսի 1-ը։