ՌԱԴԻՈ

Սևանա լիճը պետք է հանգիստ թողնել. ինչպես լրացնել ոռոգման ջրի դեֆիցիտը

Մասնագետի կարծիքով` Սևանա լճից ջրառը պետք է իրականացվի` ելնելով այն պայմանից, որ տարվա կտրվածքով հնարավոր լինի ջրային հոսքերը վերականգնել։
Sputnik
Մեծ քանակի ջրառը կարող է խիստ բացասական ազդել Սևանի էկոհամակարգի վրա, որովհետև լճի հաշվեկշռին վերաբերող այս և անցյալ տարվա ցուցանիշները արձանագրում են ջրի մուտքի էլեմենտների որոշակի նվազման միտում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Ջրային ռեսուրսների կառավարման ամբիոնի վարիչ, գյուղատնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գուրգեն Եղիազարյանը` հավելելով, որ առաջացել է մակերեսային հոսքերը մեզ մոտ ամբարելու անհրաժեշտություն, ինչը ռազմավարական առումով շատ կարևոր է։
ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը օրերս ԱԺ–ում հայտարարեց, որ այս պահին բավական բարդ ու ծանր իրավիճակ է ստեղծվել ոռոգման համակարգում։ Նախարարի խոսքով՝ Ախուրյանի, Ազատի, Ապարանի ու Մարմարիկի խոշոր ջրամբարները, որոնք սնուցում են համակարգը, ջրի պակաս ունեն։ Սանոսյանը նշեց, Սևանից լրացուցիչ ջուր վերցնելու կարիք կլինի, որովհետև այս պահի դրությամբ` ոռոգման ջրի պակասն արդեն 250 մլն խմ–ի է հասնում։

«Նոր ջրամբարների կառուցման համար միջոցների տրամադրումը տնտեսապես հիմնավորված է, որովհետև ՀՀ–ից բավականին շատ մակերեսային հոսք հեռանում է հարևան երկրներ։ Ջրամբարների նախագծման ու կառուցապատման աշխատանքները պարտադիր կերպով պետք է մտնեն մեր ռազմավարության մեջ, քանի որ հարևան պետություններն այդ ուղղությամբ արդեն իսկ հսկայածավալ աշխատանքներ են իրականացնում` ներդնելով զգալի միջոցներ։ Օրինակ` Թուրքիայում կառուցվում են մինչև 1 մլրդ խմ ծավալով ջրամբարներ։ Մենք գոնե պետք է կարողանանք մեր հանրապետության մակերեսային հոսքի այն մասը ամբարել, որը հաշված օրերի ընթացքում հեռանում է»,– ասաց Եղիազարյանը։

Նրա կարծիքով` նոր ջրամբարների կառուցումը նաև կօգնի Սևանից ջրառի քանակը նվազեցնելուն, առավել ևս, որ լճի ներկա վիճակը խիստ մտահոգիչ է
Մասնագետը հիշեցրեց, որ ջրամբարների լցվածության, հիմնական հոսքերի ձևավորման վրա կարևոր ազդեցություն են ունենում մթնոլորտային տեղումները և տվյալ տարածքի ջրահավաք ավազանում առկա ձյունածածկը, բայց ընթացիկ տարին բնորոշվում է համեմատաբար նվազ տեղումներով, ինչը երևում է նաև գետերի հոսքերից։ Մայիսի դրությամբ հանրապետության չորս խոշոր ջրամբարների լցվածությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կազմում է մոտ 60 տոկոս։
Եղիազարյանն այդուհանդերձ հույս հայտնեց, որ մայիսի վերջին հատվածը կլինի տեղումնառատ, և կունենանք խոնավությամբ հագեցած օրեր։
«Ինչ վերաբերում է Սևանա լճին, ապա մեծ քանակի ջրառը կարող է խիստ բացասաբար ազդել նրա էկոհամակարգի վրա, որովհետև լճի հաշվեկշռին վերաբերող այս և անցյալ տարվա ցուցանիշները վկայում են, որ մուտքի էլեմենտներն ունեն որոշակի նվազման միտում։ Այդ է պատճառը, որ նախորդ տարին փակվել է լճի մակարդակի բացասական հաշվեկշռով։ Դա բնականաբար կունենա վատ հետևանքներ, օրինակ` ջրային մակերեսի ծաղկում և էկոլոգիական վիճակի վատթարացում»,– ասաց մեր զրուցակիցը։
Եղիազարյանի պնդմամբ` Սևանա լճից ջրառը պետք է իրականացվի` ելնելով այն պայմանից, որ տարվա կտրվածքով հնարավոր լինի ջրային հոսքերը վերականգնել։ Ըստ նրա` եթե հավատանք վիճակագրական ցուցանիշներին, թվում է, թե Սևանի մեջ թափվող 27 գետերի հանրագումարը հավասարակշռում է 170 մլն մետր խորանարդի չափով ջրառը, ինչը նախատեսված է յուրաքանչյուր տարվա համար, բայցևայնպես կասկած է առաջանում, թե արդյոք գետերն ապահովում են այդքան հոսք կլիմայական այս անբարենպաստ փոփոխությունների պարագայում։

Մասնագետը կարծում է, որ Սևանից ջրառի քանակն անշուշտ պետք է փոքրանա, առավել ևս, որ ոռոգման ջրի ռեզերվ կա, ինչն ըստ էության հնարավոր է ապահովել համակարգում ջրային կորուստները նվազեցնելու ճանապարհով։ Հենց այդպես պետք է լրացնել ոռոգման ջրի դեֆիցիտը` Սևանա լիճը թողնելով հանգիստ։

Նշենք, որ ՀՀ կառավարությունն առաջարկում է օրենքով սահմանված տարեկան Սևանա լճից ջրառի առավելագույն 170 միլիոն խորանարդ մետր թույլատրելի քանակն ավելացնել ու դարձնել 245 միլիոն խորանարդ մետր։ Պաշտոնական պարզաբանմամբ` պատճառը ոռոգման ջրի դեֆիցիտն է։
Բուծենք ավստրալիականը, մինչև մերը կառողջանա ու կբազմանա. Սևանի խեցգետինը վերացման եզրին է