ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի - Sputnik. Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչն այսօր հայտարարել է Սերբիական առաջադիմական կուսակցության առաջնորդի պաշտոնից հեռանալու մասին և այդ պաշտոնի համար առաջարկել է պաշտպանության նախարար Միլոշ Վուչևիչի թեկնածությունը:
«Ձեզ խնդրում եմ պահպանել Սերբիան։ Կրկնում եմ՝ ես հոգ կտանեմ բոլոր քաղաքացիների մասին, մտքովս չի անցնի լքել ձեզ, և մեզ դեռ շատ համատեղ հաղթանակներ են սպասվում»,-ասել է Վուչիչը կուսակիցներին Կրագուևաց քաղաքում շարժման համագումարի ժամանակ, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
Նա իր աջակիցներին շնորհակալություն է հայտնել իշխող կուսակցության գործունեության 11 տարիների համար։ Նիստի մնացած մասն ընթանում է լրատվամիջոցների համար փակ ռեժիմով:
Հիշեցնենք, որ Սերբիայի նախագահը նախօրեին հայտարարել էր, որ հունիսի 28-ից ձեռնամուխ կլինի քաղաքացիների վերկուսակցական լայն շարժման ձևավորմանը` «երկիրը պահպանելու համար»։
Մայիսի 27-ին Բելգրադում տեղի է ունեցել ամենամեծ հանրահավաքը ի պաշտպանություն նախագահ Վուչիչի և Սերբիայի կառավարության: Չնայած հորդառատ անձրևին, ըստ կառավարամետ լրատվամիջոցների, 200 հազար մարդ էր հավաքվել։