ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի – Sputnik․ Կոսովոյի հյուսիսում ցուցարարների հետ բախումների հետևանքով տուժել է 5 ոստիկան, վնասվել է առնվազն 7 ավտոմեքենա։ Գիշերը իրավիճակը կայունացել է: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Կոսովոյի ինքնահռչակ հանրապետության ոստիկանությանը։
Մայիսի 26-ին Կոսովոյի ոստիկանության մարտիկները արցունքաբեր գազի և լուսաձայնային նռնակների կիրառմամբ ուժով գրավել են երկրամասի հյուսիսում գտնվող Լեպոսավիչ, Զուբին-հոսք և Զվեչան մունիցիպալիտետի շենքերը: Տեղի սերբերը փորձել են դիմակայել, բախումներ են տեղի ունեցել։ Հիվանդանոց է տեղափոխվել 10 մարդ, որոնք թեթև վնասվածքներ են ստացել ոստիկանության կողմից լուսաձայնային նռնակների, արցունքաբեր գազի և մահակների կիրառման պատճառով:
«Զվեչանում ցուցարարները սկսել են բռնություն գործադրել, վիրավորել և ոստիկանության ու ծառայողական մեքենաների ուղղությամբ առարկաներ ու պիրոտեխնիկա նետել` ուղիղ վտանգ առաջացնելով և վնասվածքներ պատճառելով հինգ աշխատակիցների: Նյութական վնաս է հասցվել չորս ծառայողական ավտոմեքենաների, որոնցից մեկը այրվել է, ինչպես նաև ԵՄ EULEX առաքելության երեք ավտոմեքենաների և քաղաքացիական ավտոմեքենաների»,-ասված է ոստիկանության հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ մոտակայքում կրակոցներ են հնչել, սակայն չի պարզվել, թե կոնկրետ որտեղ, ով և ուր է կրակել։ Քննություն է ընթանում:
«Ոստիկանների կյանքի համար ուղղակի վտանգ տեսնելով` ստորաբաժանումներն ինքնապաշտպանության ժամանակ ստիպված են եղել արձագանքել և օրինական միջոցներ կիրառել, այդ թվում` արցունքաբեր գազ ամբոխը ցրելու համար, որպեսզի քաղաքապետները կարողանան մուտք գործել համայնքապետարանների շենքեր»,-նշում է գերատեսչությունը:
Նշվում է, որ բարիկադները, որոնք ցուցարարները հավաքել էին խճից, քարերից և ծանր տեխնիկայից, շաբաթ գիշերն ապամոնտաժվել են, փողոցներն ազատ են, իրավիճակը հանդարտվել է: Հետաքննություն է ընթանում «Սահմանադրական կարգը խախտելը», «Շրջապատի համար վտանգ ստեղծելը», «Գույքային վնաս պատճառելը» հոդվածներով:
Հիշեցնենք, որ Սերբիայի նախագահը մայիսի 26–ին սերբական բանակը բերել է առավելագույն մարտական պատրաստության վիճակի` Պրիշտինայի միակողմանի քայլերի պատճառով Կոսովոյում և Մետոխիայում ստեղծված իրավիճակի կապակցությամբ։ Պետության ղեկավարը նաև ՆԱՏՕ-ից պահանջել է շտապ դադարեցնել բռնությունը սերբերի նկատմամբ Կոսովոյում և Մետոխիայում:
Սերբիայի պաշտպանության նախարար Միլոշ Վուչևիչը հեռուստաեթերում հաստատել է, որ բանակը բերվել է մարտական պատրաստվածության ամենաբարձր աստիճանի և ուժերը շարժվել են դեպի Կոսովո և Մետոխիա: