ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի - Sputnik. Ադրբեջանցիների կողմից մայիսի 26–ին առևանգված 2 զինծառայողների անունները հայտնի են։ Նրանք են` Հարություն Յուրիկի Հովագիմյանը և Կարեն Աշոտի Ղազարյանը: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
Զինծառայողներին որոնում են մայիսի 26-ի ժամը 19:00-ից սկսած։
«Ադրբեջանի կողմից նրանց ապօրինի առևանգման հանգամանքները բացահայտելու ուղղությամբ տարվում է լայնածավալ աշխատանք»,–նշված է ՀՀ ՊՆ հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք` երեկ` մայիսի 26–ին, մարտական դիրքեր սնունդ մատակարարող ՀՀ ԶՈւ 2 զինծառայողի հետ կապն ընդհատվել էր։ Այսօր հաղորդագրություն տարածվեց, որ միջդիրքային ճանապարհին հայտնաբերվել է թիկունքային մատակարարման ավտոմեքենան, որի մեջ եղել է նաև զինվորներից մեկին ամրակցված զենքը։
Ավելի վաղ ադրբեջանական ԶԼՄ-ները, ապա նաև Ադրբեջանի պետական սահմանային ծառայությունը հաղորդագրություն էին տարածել, որ ձերբակալել են երկու հայ զինվորականի: Ընդ որում, ադրբեջանական կողմը հայտարարում է «դիվերսիոն խմբի ներթափանցման փորձի» մասին։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքել էր դիվերսիոն ներթափանցման մասին լուրերը: