ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի – Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Շիրակի մարզում հանդիպել է Խծաբերդ-Հին Թաղեր բնակավայրերի հատվածում գերեվարված զինծառայողների հարազատների հետ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՄԻՊ աշխատակազմի մամուլի ծառայությունը։
«Հանդիպումն անցկացվել է Անահիտ Մանասյանի նախաձեռնությամբ։ Հանդիպման ընթացքում ներկայացվել են հարցի առնչությամբ իրականացվող աշխատանքները, քննարկվել են ռազմագերիների հարազատներին հետաքրքրող հարցերը»,- ասված է հաղորդագրությունում։
Աշխատանքային այցի ընթացքում հանդիպում է անցկացվել նաև Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի հետ, քննարկվել են մարզում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում խնդիրների լուծմանն ուղղված աշխատանքների ուղղությունները։
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի այցը Շիրակի մարզ
Նշվում է, որ նույն օրը Շիրակի մարզային ստորաբաժանում այցի շրջանակում ՄԻՊ Անահիտ Մանասյանն անձնակազմի հետ քննարկել է աշխատանքային մի շարք հարցեր, հանձնարարականներ տվել: Պաշտպանը հանդիպել է նաև քաղաքացիների հետ, լսել նրանց հուզող խնդիրները:
Հիշեցնենք, որ Արցախի Հադրութի շրջանի Խծաբերդ և Հին թաղեր գյուղերն Ադրբեջանն օկուպացրել է 2020 թվականի պատերազմի դադարեցումից մոտ 1 ամիս հետո՝ դեկտեմբերի 13-ին։ Այդ ժամանակ ադրբեջանական գերության մեջ էր հայտնվել 62 կամավոր։ Նրանցից 26-ը Շիրակի մարզից են։ Գերիների մի մասը վերադարձվել են հայրենիք։